Արմեն Շահգելդյանը համալրել է «Արարատի» մարզչական շտաբը
Արմեն Շահգելդյանը համալրել է «Արարատ» ֆուտբոլային թիմի մարզչական շտաբը: 43-ամյա մասնագետն արդեն ներկայացվել է թիմին և անցել իր պարտականությունների կատարմանը: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Շահգելդյանը 1992-1996 թթ. հանդես է եկել «Արարատի» կազմում, այնուհետև խաղացել է «Արմենիկումում», Նովոռոսիյսկի «Չեռնոմորեցում», Պետահ Տիկվայի «Հապոելում», «Երևանում», Շվեյցարիայի «Լոզան Սպորտում», Մոսկվայի «Դինամոյում», Կիպրոսի «Նեա Սալամինայում», Լիբանանի «Ալ Ահդում» և «Միկայում»: Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 53 հանդիպում, դարձել 6 գոլի հեղինակ:
Որպես ֆուտբոլիստ Շահգելդյանը դարձել է Հայաստանի եռակի չեմպիոն, հնգակի գավաթակիր, Հայաստանի սուպերգավաթակիր, Շվեյցարիայի գավաթակիր, երկու անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (1993, 2006):
Մարզչական կարիերայի ընթացքում Արմեն Շահգելդյանը 2008-ից 2011 թթ. աշխատել է «Միկայում»` որպես երկրորդ թիմի գլխավոր մարզիչ, ընդգրկվել է գլխավոր թիմի մարզչական շտաբում, իսկ այնուհետև գլխավորել «Միկան»: Նրա գլխավորությամբ թիմը 2011-ին դարձել է Հայաստանի գավաթակիր: 2016-ին Շահգելդյանը վերադարձել է «Միկա»` ընդգրկվելով Սերգեյ Յուրանի մարզչական շտաբում: Ռուսաստանցի մասնագետի հրաժարականից հետո մինչև մրցաշրջանի ավարտը կատարել է գլխավոր մարզչի պարտականությունները:
Արմեն Շահգելդյանը Մոսկվայում ավարտել է Բարձրագույն մարզչական դպրոցը, ունի ՈւԵՖԱ-ի մարզչական «A» կարգի արտոնագիր: