«Կռիլյա Սովետովը» հրաժարվել է մրցել Հայաստանի չեմպիոնի հետ
Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ» ֆուտբոլային թիմն առաջին ստուգողական հանդիպումն է անցկացրել Անթալիայում կայանալիք ուսումնամարզական հավաքի շրջանակներում: Մրցակիցը Ռուսաստանի 1-ին դիվիզիոնի առաջատարներից մեկն էր՝ Լենինգրադի մարզի Տոսնո քաղաքը ներկայացնող համանուն թիմը:
Ինչպես տեղեկացնում է ակումբի լրատվության բաժինը, թիմը խաղասկզբում երկու կոպիտ սխալ է թույլ տվել պաշտպանությունում և արդեն 15-րդ րոպեին մրցակիցը 2 գնդակի առավելություն է ունեցել: 0:2 հաշիվը պահպանվել է մինչև խաղավերջ: Հանդիպման ընթացքում գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը խաղադաշտ է մտցրել հավաքին մասնակցող բոլոր ֆուտբոլիստներին:
Հաջորդ ստուգողական խաղն «Ալաշկերտը» կանցկացնի փետրվարի 6-ին, սակայն փոխվել է թիմի մրցակիցը: Պլանավորված մրցակցի՝ Ռուսաստանի Պրեմիեր Լիգան ներկայացնող Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբի ղեկավարությունը պաշտոնական գրությամբ դիմել է «Ալաշկերտին», որում իրենց հարկադրական հրաժարումն այդ խաղից պատճառաբանել է մեծ թվով ֆուտբոլիստների վնասվածքներով:
Փոխարենն «Ալաշկերտն» այդ նույն օրը կմրցակցի Սերբիայի Սուպեր Լիգան ներկայացնող «Նապրեդակ» թիմի հետ: Կրուշևացա քաղաքի այս թիմը Սերբիայի ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է չորրորդ տեղը: