Ռոնալդինյոն «Բարսելոնի» թանգարանին կհանձնի իր «Ոսկե գնդակը»
Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն, ով նշանակվել է «Բարսելոնի» դեսպան և ակումբը կներկայացնի տարբեր միջոցառումներում, որոշել է կատալոնյան թիմի թանգարանին հանձնել իր գլխավոր մրցանակը` «Ոսկե գնդակը», որը նա ստացել է 2005 թ.: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
«Շուտով իմ «Ոսկե գնդակը» կհանձնեմ «Բարսելոնի» թանգարանին: Երբ Պեպ Գվարդիոլան գլխավորեց կատալոնյան թիմը, մենք հանդիպեցինք: Նա ինձ խնդրեց մնալ թիմում` ասելով, որ ինձ հետ հույսեր է կապում: Շնորհակալություն հայտնեցի, սակայն նշեցի, որ իմ ժամանակաշրջանը «Բարսելոնում» ավարտվել է»,- հիշել է բրազիլացին:
Հավելենք, որ Ռոնալդինյոն ներկայումս ազատ գործակալի կարգավիճակում է, սակայն նա դեռ մտադիր չէ ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան: