Սոնա Պողոսյան. «Իմ ոգեշնչման աղբուրը բարձրացրածս նոր կիլոգրամներն են»
2013 թ. ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնության արծաթե մեդալակիր, 2015 թ. և 2016 թ. Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն Սոնա Պողոսյանն օրերս Հայաստանի ծանրամարտի առաջնության կանանց մրցաշարի 75 կգ քաշային կարգում երկամարտի 217 կգ արդյունքով հռչակվեց Հայասանի չեմպիոն:
Panorama.am-ի հետ զրույցում հայ մարզուհին շեշտեց, որ 2015 թ. 69 կգ-ից տեղափոխվել է 75 կգ քաշային կարգ, և այժմ Հայաստանի առաջնություններում փորձում է գերազանցել սեփական արդյունքն ու ավելացնել բարձրացրած կիլոգրամները:
«Հայաստանի առաջնությունում այնքան էլ ուժեղ մրցակիցներ չունեմ, ուստի 75 կգ քաշային կարգ տեղափոխվելուց հետո, այսպես ասած, ինքս ինձ հետ եմ պայքարում` փորձելով ամեն անգամ ավելի լավ հանդես գալ ու ավելի ծանր կիլոգրամներ բարձրացնել: Այս տարի մրցակիցներս Արևիկ Միրզոյանն ու Նանե Ստեփանյանն էին: Տարվա առաջին քայլը կատարված է, հիմա պատրաստվում եմ ապրիլի 1-9-ը Խորվաթիայի Սպլիտ քաղաքում կայանալիք մեծահասակների Եվրոպայի առաջնությանն ու տարվա մյուս մրցաշարերին: Նպատակս է հաջող հանդես գալ բոլոր մրցումներում»,- ասաց Սոնա Պողոսյանը:
Եվրոպայի առաջնությունում հայ մարզուհին իր առաջ խնդիր է դրել բարձրացնել բոլոր 6 մոտեցումները, իսկ թե դա ի՞նչ հորիզոնական զբաղեցնելու հնարավորություն կտա, պարզ կդառնա արդեն մրցումների ժամանակ: Հայ մարզուհին խոստովանեց, որ յուրաքանչյուր անգամ ծանրաձողին մոտենալիս մտածում է ավելի լավ արդյունք գրանցելու մասին և հենց այդպիսի մտքերն են ոգեշնչում իրեն:
«Ծանրաձողը բարձրացնելիս պարզապես մտածում եմ վարժությունը տեխնիկապես ճիշտ կատարելու և կիլոգրամները բարձրացնելու մասին: Մարդիկ չեն, ովքեր ինձ համար ոգեշնչման աղբյուր են, այլ իմ բարձրացրած նոր կիլոգրամները: Նույնիսկ մեկ կիլոգրամ ավել բարձրացնելու դեպքում ոգեշնչվում եմ, ուզում եմ ավելին անել ու գերազանցել սեփական ցուցանիշս»,- պատմեց Սոնան:
Հայ ծանրորդուհին նշեց, որ, պոկում թե հրում վարժությունների վրա մարզումների ժամանակ աշխատում է հավասարաչափ և չի կարող ասել, թե նրանցից մեկն իր մոտ ավելի լավ ու վստահ է ստացվում, քան մյուսը, քանի որ ձախողումներ լինում են երկու դեպքում էլ:
Վերջում Սոնա Պողոսյանը շեշտեց, որ այսօր ամբողջ աշխարհում շատ են աղջիկները, ովքեր ընտրում են հենց ծանրամարտ մարզաձևը: Իհարկե, Հայաստանում կարծիք կա, որ այն աղջկա մարզաձև չէ, սակայն Սոնան վստահ է, որ պետք չէ լսել նման մարդկանց կարծիքները, այլ պետք է որոշումներ կայացնել ինքնուրույն:
Հռիփսիմե Ղազարյան