Հունվարին պարենային ապրանքների գներն էականորեն բարձրացել են. Գուրգեն Մարտիրոսյան
Հանրապետության սպառողական շուկայում 2017 թվականի հունվարին գրանցել է 2,6 տոկոս գնաճ,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը։
«Պարենային ապրանքների գներն ունեցել են էականորեն բարձր աճ՝ 7,4 տոկոս, իսկ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0,6 տոկոսով, ծառայությունները, սկագները նույնպես ունեցել են նվազման միտում՝ 0,7 տոկոսով»,-նշեց նա։
Մարտիրոսյանի խոսքով՝ պարենային 13 ապրանքային խմբերից 8-ում արձանագրվել է գնաճ` 0,1-ից մինչև 49 տոկոս. «Առավել բարձր գնաճ է արձանագրվել միրգ ապրանքային խմբում՝ 10,9 տոկոսով և բանաջարաղեն-կարտոֆիլ խմբում՝ 49 տոկոսով»։
Եթե այս երկու ապրանքային խմբերում գնաճ չարձանագրվեր, հանրապետության սպառողական շուկայում 2017 թվականի հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ կարձանագրվեր նվազում՝ 0,3 տոկոսով։
Համեմատելով՝ 2016 և 2017 թվականների հունվարի ամիսները, նա մանրամասնեց, որ ընդհանուր գնաճը մրգերի մասով կազմել է 19,4 տոկոս. «Այստեղ էականորեն կարելի է առանձնացնել տեղական արտադրության մրգատեսակների գնաճը. խնձորինը՝ 47 տոկոս, տանձին՝ 20 տոկոս, խաղողինը՝ 23 տոկոս : Իսկ բանջարեղեն-կարտոֆիլային խմբում՝ 10,6 տոկոս»։
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ մեզ մոտ տոերից առաջ թանկացումներն ավանդական են դարձել. «Թանկացան ոչ միայն տեղեկան մրգերը, այլև՝ էկզոտիկ։ Բանանի գինը Նոր տարուց առաջ մինչև 1200 դրամի էր հասնում, հիմա նվազել է՝ 600-650 դրամի»։
Ինչ վերաբերում է հայտարարվող զեղչերին՝ Չիլինգարյանն ասաց, որ կոշիկի և հագուստի շուկայում մեծ զեղչերը միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը. «Մի քանի տարի առաջ խայտառակ վիճակ էր՝ հայտարարում էին 50-70% զեղչ, ու երբ գնում, տեսնում էիր, որ կարող է մեկ ապրանքատեսակի համար լինել զեղչ, այն էլ՝ չնչին: Այս շուկան ինչ-որ ձևով համեմատաբար կարգավորվեց, այդպիսի բացահայտ խաբեություն չի լինում, սակայն դեռ կան խնդիրներ: Օրինակ՝ հայտարարվում է 20-30%, որն իրականությանը չի համապատասխանում»։
ԱՎԾ նախագահի խորհրդականն էլ հավելեց, որ նման զեղչերն արվում են, երբ ապրանքները սեզոնային չեն և ուղղակի ցանկանում են դրանցից արագ ազատվել: