Զարուհի Փոստանջյանն առաջարկեց Գարո Փալյանին Հայաստան հրավիրել
Պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօրվա նիստում Աժ նախագահ Գալուստ Սահակյանին առաջարկեց Հայաստան հրավիրել Գարո Փալյանին, «որպեսզի նա ուղերձով հանդես գա հայոց խորհրդարանում և այդ ուղերձը հասցնի ողջ աշխարհով մեկ մեր հայրենակիցներին»:
Փոստանջյանի խոսքով, Թուրքիայում ճնշումների ենթարկվող Փայլանին պետք է հայաստանցի գործընկերները համերաշխություն հայտնեն:
Նշենք, որ մինչ ԱԺ նիստի մեկնարկը Զ. Փոստանջյանը հրապարակել էր Փայլանին ուղղված նամակը, որում մասնավորապես ասված է. «Եղբայր, դու ապրում ես Պոլսում` մեր պապերի մայրաքաղաքում, ես ապրում եմ Երևանում` ներկայիս հայկական մայրաքաղաքում, ունենք նաև ազատագրված հայկական մայրաքաղաք Ստեփանակերտ, մինչև մեր երազանքին հասնելը` Միացյալ Հայրենիքի մայրաքաղաքի` Կարինի վերահայանալը, դու պետք է գաս Երևան և Ստեփանակերտ: Պետք է գաս և հայոց խորհրդարանի հարթակից ներկայացնես մեր պապերից ստացած հանձնառությունը: Պետք է հղես ուղերձդ Արագածի լանջերից դեպի սրբազան Արարատ:
Եղբայր, հայ ժողովուրդը Մայր Արաքսի այս ափին սպասում է քեզ»:
Փոստանջյանը Գալուստ Սահակյանին առաջարկեց պաշտոնական հրավեր ուղարկել հայազգի պատգամավորին: ԱԺ խոսնակն արձագանքեց.
«Կարծում եմ, հարցը քննարկելի հարց է: Պետք է վերլուծենք տեսնենք, արդյոք ձեռ տալիս է նրա այցը Հայաստան, և մենք ինչ ենք ուզում դրանով առաջ քաշել: Միտքը շատ լավն է, ընդունելի բոլորիս կողմից, բայց միևնույն ժամանակ այստեղ քաղաքական խնդիր կա»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին