Ընտրություններին ՀԱԿ-ը ՀԺԿ-ի հետ դաշինքով է մասնակցելու. Արամ Մանուկյան
Խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ը մասնակցելու է ՀԺԿ-ի հետ դաշինքով: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ ՀԱԿ-ը բաց է այլ քաղաքական ուժերի առաջ, այստեղ հիմքը ոչ թե մեխանիկական միացումներն են, այլ քաղաքական ծրագիրը:
«Մեր քաղաքական ծրագիրը շատ հստակ է, դա խաղաղության ծրագիրն է։ Իհարկե, ունենք ծագիր բոլոր բնագավառներին վերաբերող ՝ սոցիալական, տնտեսական, հարկային, բայց այդ ընտրություններում մեր դաշինքի մեխը, դաշինքի ուղերձը հենց խաղաղության ծրագիրն է»,- ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք ՀԱԿ-ը ռեյտինգային ցուցակով առաջադրումների խնդիր ունի, Ա. Մանուկյանը պատասխանեց. «Որևէ պրոբլեմ չունենք, մենք ճանաչված ենք, ընդունված ենք, մեր ռեյտինգային ցուցակում ընդգրկված են մտավորականներ, գիտնականներ, բաց խոսքի տեր մարդիկ: Ես Արաբկիրում եմ առաջադրվում:
Արդեն ակնհայտ են դեպքեր, երբ խոստումներ են տալիս, փող են բաժանում, սոցիակական հարցեր են լուծում՝ լույսի, թոշակի: Մի մեսիջ կարող եմ ուղղել ժողովրդին՝ նայեք, թե ով չի փող տալիս, ով խոստում չի տալիս, և ով է ասում դառը ճշմարտությունը: Եթե քաղաքացիները մի քիչ քաղաքականապես մոտենան խնդրին, կզգան, թե ում պիտի ձայն տալ: Դա բացատրելու բան էլ չի, պարզ չի՞, որ քեզ փող առաջարկողը հոգիդ է ուզում, ձայնդ է ուզում մարմինդ է ուզում»: