Մխիթարյան. «Մենք պատրաստ էինք սխեմայի փոփոխությանը»
«Լեստերի» հետ խաղից հետո, որում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց 3։0 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դարձավ, հայ կիսապաշտպանն ասել է, որ թիմը պատրաստ էր հանդիպման ընթացքում խաղային սխեմայի փոփոխությանը։ Ժոզե Մոուրինյոն խաղն սկսել է 4-4-2 սխեմայով, սակայն հետո փոխել է դասավորությունը՝ գործելով 4-2-3-1 տարբերակով, ինչն արդյունքում թույլատրել է ջախջախել Անգլիայի գործող չեմպիոնին։
«Դա խաղին մեր նախապատրաստությունն էր,- Մխիթարյանի խոսքերը մեջբերել է manutd.ru-ն։- Մարզիչն ասաց, որ եթե երկու հարձակվողով պլանը չաշխատի, մենք պետք է փոխենք սխեման, ինչը և արեցինք խաղի ընթացքում։ Այնպես որ, այստեղ մեզ համար ոչ մի նոր բան չկար։
Դուք կարող էիք տեսնել, որ շատ խաղերում մենք հեշտությամբ ենք փոխում սխեման։ Կարծում եմ՝ այս անգամ փոփոխությունն օգտակար եղավ, և մենք դրանից հետո լավ խաղացինք։
Ցանկացած մարզադաշտում խաղալը հեշտ է, եթե խաղն ստացվում է։ Կարևոր չէ, թե որ դիրքում ես գործում։ Խաղի սկզբում մարզիչը որոշեց, որ ես խաղալու եմ հետ քաշված հարձակվողի դիրքում, և ես պարզապես աշխատեցի անել այն ամենը, ինչ կարողանում եմ»։