«Արցախի ձայներ»-ը հյուրախաղերով հանդես կգա Իրանում
«Արցախի ձայներ» երաժշտական համույթը փետրվարի 8-ից համերգային ծրագրով հանդես կգա Իրանի Իսլամական հանրապետությունում: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արցախի ձայներ» երաժշտական համույթի գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյանը և նշել, որ համույթի հիմնական կազմում ընդգրկված է 13 հոգի:
Նրաք խոսքով, անցած տարին համույթի համար եղել է ձեռքբերումների տարի:
««Մանկական Նոր ալիք-2016» մրցույթում համույթի անդամ Միքայել Գրիգորյանը (Միշան) մասնակցել և գրավել է մրցանակային երկրորդ հորիզոնականը: Խմբի անդամ 10 տարեկան Լևոն Գալստյանն էլ հանդես է եկել «Ռուսաստանի ձայն» նախագծում և բարեհաջող անցել առաջին փուլը: Ներկայացվել է նաև «Հորովել» տեսահոլովակը: Մասնակցել ենք նաև հանրապետությունում կազմակերպված մի շարք միջոցառումների»,- ասել է Լ. Քոչարյանը:
Խոսելով այս տարվա անելիքների ու ծրագրերի մասին Լ. Քոչարյանը նշել է, որ հյուրախաղերի հրավերներ ունեն Մոսկվայից, Արգենտինայից, Բրազիլիայից:
««Նոր ալիք 2017» մանկական մրցույթին ենք նախապատրաստվում: Ծրագրեր ունենք խմբային և անհատական, հիմնականում հայկական, նոր երգերի տեսահոլովակների նկարահանումներ իրականացնելու: Պատրաստվում ենք նաև մայիսի 9-ի համերգային ծրագրերին»,- մանրամասնել է Լ. Քոչարյանը և ընդգծել, որ նախագծի հիմնական նպատակն է Արցախում հայտնաբերել ու զարգացնել շնորհալի երիտասարդներին՝ այդպես ներկայացնելով Արցախը, Արցախի մշակույթը և արցախցուն:
Լ. Քոչարյանը նշել է նաև, որ համույթը կարող է ավելին անել, սակայան համապատասխան մշտական շենքային պայմաններ, ինչպես նաև մի շարք չլուծված խնդիրներ ունեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա