Դեսպան. Թայլանդը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ
Հայաստանը կարևորում է Թայլանդի հետ հարաբերությունների զարգացումը և ամրապնդումը:
Հայաստանի Հանրապետությունում Թայլանդի Թագավորության նորանշանակ դեսպան Քրիանգսակ Քիթիչայսարիի հետ հանդիպմանն ասել է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, դեսպանն (նստավայրը՝ ք. Մոսկվա) այսօր իր հավատարմագրերի պատճենն է հանձնել նախարարին:
Դեսպանն իր հերթին նշել է, որ Թայլանդը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ, և ինքը ջանքերի չի խնայի երկկողմ օրակարգը հարստացնելու համար:
Քննարկվել է երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կանոնավոր խորհրդատվությունների անցկացումը, անդրադարձ է արվել միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման հարցերին:
Երկուստեք շեշտվել է զբոսաշրջության ոլորտում առկա ներուժը և այն բացահայտելու ուղղությամբ քայլերի անհրաժեշտությունը։