Կկայանա Արփի Ոսկանյանի «Չի վաճառվում» գրքի շնորհանդեսը
Այսօր Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա Արփի Ոսկանյանի «Չի վաճառվում» գրքի շնորհանդեսը: Panorama.am-ի հետ զրույցում պատասխանելով գրքի վերնագիր հետ կապված հարցին՝ ինչո՞ւ «Չի վաճառվում», կոնկրետ ի՞նչը չի վաճառվում, Արփի Ոսկանյանն ասաց. «Ունեմ «Չի վաճառվում» վերնագրով պատմվածք, որը գրել եմ 2005-ին՝ ոգեշնչված մի հեռուստատեսային գովազդից, որում կարծեմ բնակարան էր գովազվում և նշվում էր, որ չի վաճառվում։ Իսկ հետո պարզվեց, որ լոտոյի գովազդ է. չի վաճառվում, որովհետև խաղարկվում է։ Պատմվածքում օգտագործել եմ այդ ժամանակաշրջանի հեռուստատեսային գովազդի լայն տեսականին, մեդիայի կլիշեները, լեզուն, բովանդակությունը։ Մի գովազդ էլ կար, ջեռուցման համակարգ էր գովազդվում երկու ընտանքի օրինակի վրա, որոնցից մեկը ջեռուցման համակարգը տեղադրել էր, մյուսը ոչ։ Իմ պատմվածքում ես փորձել եմ ներկայացնել այդ երկու ընտանիքի անդամների կյանքը՝ զարգացնելով և ծաղրելով գովազդի տրամաբանությունը։ Պատմվածքում չի վաճառվում երջանկությունը, այն նույնիսկ չի խաղարկվում, որովհետև չկա։ Ինչո՞ւ որոշեցի հենց այս պատմվածքի վերնագիրն ընտրել որպես գրքիս վերնագիր։ Գիրքը 20 տարում գրված իմ պատմվածքների ընտրանին է, ներառել եմ այն պատմվածքները, որոնց հրապարակումը խոսակցության, վեճի, քննարկման առիթ է հանդիսացել, կամ որոնք արժանացել են մրցանակների։ Աշխատել եմ այնպես կազմել գիրքը, որ երևա 20 տարվա ուղին՝ թե այն, որ ես եմ անցել, թե այն, որ անցել է հասարակությունը, թե այն, որ անցել է գրականությունը։ Իմ կարծիքով, բավականին հետաքրքիր ու ամփոփ փաստաթուղթ է 1996-ից մինչև 2016 թվականն ընկած ժամանակահատվածի համար։
«Չի վաճառվում» պատմվածքը ժամանակագրորեն գտնվում է մեջտեղում, կարող է կապել հին պատմվածքները առավել նորերի հետ։ Բացի այդ սպառողականության թեման ինձ միշտ մտորելու, հակադրվելու, ընդդիմանալու առիթ է տվել, «Անտերուդուս» գրքիս շապիկին, օրինակ, միայն տեքստ եմ դրել և հենց նույն տեքստում բացատրել եմ դա նրանով, որ չեմ ուզում գիրքս ունենա ապրանքային տեսք։ Մի կողմից ամեն ինչ ապրանք է ու վաճառվում է, մյուս կողմից կան բաներ, որ հնարավոր չէ գնել նույնիսկ գնելու դեպքում, և նման բաների առկայությունը հող է ստեղծում մեր ոտքի տակ։ Արվեստն ու գրականությունն են այդպիսին, հնարավոր չէ գնել միտքը, ապրումը, ուրիշի փորձը, մյուս կողմից նաև պահանջարկ չկա։ «Չի վաճառվում» վերնագիրը որպես գրքի վերնագիր գրավեց ինձ նաև այդ երկիմաստությամբ՝ մի կողմից գիրքը վեհ է ու վսեմ, վեր սպառողական կրքերից, մյուս կողմից ապրանք է, որը չի վաճառվում վատ վաճառվելու իմաստով։ Ես չեմ վախենում ու չեմ ամաչում խոստովանել դա՝ գիրքը շատ դժվար է վաճառվում»:
Հարցին, թե պատվածքներն ի՞նչ թեմաներով են և ո՞րն է ժողովածուի հիմնական ուղերձը, ասելիքը, գրողն ասաց. «Ժողովածուի մեջ ամփոփած պատմվածքները շատ բազմազան են. առաջին տասնամյակում երևի թե գերակշռում է սիրո, կին-տղամարդ, ծնող-զավակ, ընկերների, ընկերուհիների բարդ հարաբերությունների, սեռականության թեման, երկրորդ տասնամյակում գերակշռողը քաղաքական ու սոցիալական թեմաներն են։ Առաջին տասնամյակում գրված պատմվածքները հիմնականում գրական մամուլում են տպագրվել, երկորդ տասնամյակում գրվածները՝ օրաթերթերում։ Միասնական ասելիք, ինչ-որ մի կոնկրետ ուղերձ ժողովածուն չունի, հիմական նպատակը 20 տարվա անցած ճանապարհը ցույց տալն է»:
Ա. Ոսկանյանի խոսքով, գրքի հիմնական ընթերցողը կլինի նա, ով իրեն երբևէ ընթերցել է և սիրել կամ առնվազն հավանել. «Հիմա նա հնարվորություն կունենա կարդալու նաև այն պատմվածքները, որոնք այդ տարիների ընթացքում վրիպել են իր ուշադրությունից»։
Նշենք, որ շնորհանդեսի ժամանակ գիրքը չի վաճառվելու, խաղարկվելու է: Արփին այլ մանրամասները չգիտի, թե կոնկրետ ինչպես, մտահղացումը «Անտարես» -ին է, միտքը նույն այդ գովազդն է հուշել։
«Հաստատ գիտեմ մի բան, որ շնորհանդեսը լավագույն առիթն է այդ գիրքը հնարավորինս քիչ նյութական կորուստներով ձեռք բերելու համար։ Նաև՝ բախտը փորձելու»,-ասաց Ա. Ոսկանյանը: