Արթուր Ոսկանյան. «Կխաղան նրանք, ովքեր կարդարացնեն իրենց»
«Բանանց» ֆուտբոլային թիմն ավարտել է իր ռուսաստանյան ուսումնամարզական հավաքը և վերադարձել Երևան: «Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում ամփոփել է այն և նշել, որ աշխատանքներն արդեն կշարունակվեն հաջորդ ուսումնամարզական հավաքի ժամանակ:
«Ընդհանուր առմամբ` հավաքը շատ լավ անցավ: Պայմանները նորմալ էին, մի փոքր խանգարեց եղանակն ու այն, որ չկարողացանք խաղերն անցկացնել բնական խոտածածկի վրա: Սկզբի մասն անցկացրինք բնական խոտածածկի վրա, սակայն ինչ-որ պետք էր տեսնել` տեսանք: Ֆուտբոլիստներն աստիճանաբար լավ մարզավիճակ են ձեռք բերում և արդեն Անթալիայում կայանալիք 2-րդ հավաքի ընթացքում կկատարելագործեն այն:
Թուրքիայում 5 խաղ կանցկացնենք: Առաջին հանդիպումից հետո մյուսների ժամանակ պարզ կլինի, թե որ կազմն է պատրաստվելու առաջնությանը և ովքեր պետք է մրցակցություն ցուցաբերեն: Բոլորին հնարավորություն տրվելու է և բոլորը պետք է իրենց ցույց տան:
Շատ ուրախ եմ, որ ամեն դիրքում երկու ֆուտբոլիստ ունենք և մրցակցություն կա: Հիմնականում բոլորն էլ երիտասարդ խաղացողներ են և կխաղան նրանք, ովքեր կարդարացնեն իրենց: Բոլոր ֆուտբոլիստներն էլ հասկանում են դա և այն, որ իրենցից շատ բան է կախված»,- ասել է Ոսկանյանը: