Հստակեցվել են օրթեզների որակի և գնի վերահսկման մեխանիզմները
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բուժատեխնիկական հանձնաժողովի բազմամասնագիտական թիմի և պատասխանատու ստորաբաժանման կողմից իրականացված աշխատանքների արդյունքում վեր են հանվել օրթեզների տրամադրման հետ կապված խնդիրներ։
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ օրինակ՝ միևնույն ֆունկցիա իրականացնող օրթեզներն ունեին տարբեր գներ և հնարավոր չէր հստակ հասկանալ, արդյոք դրանց մեջ կա տարբերություն, թե ոչ, օրթեզների տեխնիկական բնութագրերը կազմված էին այնպես, որ մրցույթներում շահող կազմակերպությունները կարող էին հաշմանդամություն ունեցող անձին տրամադրել այն օրթեզը, որը նախընտրում էր կազմակերպությունը:
«Նախարարությունը մտահոգություններ ուներ նաև տրամադրվող օրթեզների որակական կողմի վերաբերյալ, քանի որ լինում էին դեպքեր, երբ 1 տարի օգտագործման ժամկետով տրամադրվող պարագան շատ արագ դուրս էր գալիս շարքից:
Օրթեզների տրամադրման հետ կապված խնդիրները կանոնակարգելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի 2016 թվականի հուլիս 8-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկված են անկախ փորձագետներ՝ օրթեզիստներ, օրթոպեդ-վերականգնողաբաններ:
Կատարված աշխատանքների արդյունքում ընդլայնվել է օրթեզների տեսականին և հստակեցվել են դրանց ֆունկցիաները: Ներկայումս կատարված փոփոխությունները հնարավորություն են տալիս անձի կարիքին համարժեք օրթեզների ընտրություն կատարել:
2016 թվականին փաստացի տրամադրված օրթեզների քանակը 321 հատ է, ընդհանուր արժեքը՝ 50 676 000 ՀՀ դրամ: 2017 թվականի համար նախատեսված է 422 պարագան (որոնց մեջ ընդգրկվել է 6 նոր տեսակի օրթեզ) ընդհանուր արժեքը՝ 43 270 400 ՀՀ դրամ:
Խնայողությունը նախորդ տարվա համեմատ կազմել է 7 405 600 ՀՀ դրամ:
Հստակեցման աշխատանքները շարունակական են լինելու նաև մյուս պարագաների համար»,-ասված է նախարարության հաղորդագրությունում: