Դավիթ Բաբայան. Նման դեպքերը լինում են միայն Բաքվի կողմից
Պարբերաբար նման դեպքեր լինում են ադրբեջանական կողմից: Սա առաջին դեպքը չէ և, կարծում եմ, ոչ էլ վերջինը: Պարզապես, ադրբեջանական կողմը տարբեր պատճառաբանությամբ ԵԱՀԿ առաքելությունը առաջապահ դիրքեր դուրս չի բերում: Անդրադառնալով Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում այսօր անցկացրած պլանային դիտարկման ժամանակ ադրբեջանական կողմի՝ ԵԱՀԿ առաքելությանը իր առաջապահ դիրքեր դուրս չբերելուն, «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արցախի հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նշենք, որ այսօր ԵԱՀԿ առաքելության կողմից ԼՂՀ Հադրութի շրջանի ուղղությամբ անց է կացվել շփման գծի պլանային դիտարկում:
Բաբայանի խոսքով, ադրբեջանական կողմից հիմնականում նման քայլերը պայմանավորում են անվտանգության նկատառումներով:
«Նմանատիպ դեպքերը դժվարացնում են ԵԱՀԿ առաքելության աշխատանքները: Առաքելության դիտարկումները որևէ քաղաքական նշանակություն չունեն: Դրանք նպատակ ունեն ցույց տալու, թե ինչպիսին է իրավիճակը տվյալ պահին: Իսկ Ադրբեջանական կողմը նույնիսկ նման հարցերում դրսևորում է ապակառուցողական դիրքորոշում»,- նշեց Բաբայանն ու հավելեց, որ չի եղել մեկ դեպք, որ հայկական կողմի պատճառով առաքելությունը դուրս չգա դիտակետ, այդպիսի դեպքերը միշտ արձանագրվում են Բաքվի կողմից:
Բաբայանի խոսքով, հասկանալի է, որ խաղաղության և կայունության պահպանման տեսանկյունից կարևորագույն ուղղություններից է հետաքննության մեխանզիմների ներդրումը: Իսկ եթե այս պայմաններում պարբերաբար խախտումներ են անում այսպիսի տեխնիկական հարցերում՝ դրսևորելով իրենց ապակառուցողական մոտեցումները, ապա ի՞նչ կարելի է ակնկալել կարևոր խնդիրների քննարկումից:
«Այսինքն սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մենք գործ ունենք ոչ ադեկվատ հարևանի հետ, որից կարելի է ամեն ինչ սպասել»,- նշեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան