Հայատառ տպել պետք է սովորեցնել դեռ դպրոցից. Սամվել Մարտիրոսյան
Փետրվարի 7-ը հռչակվել է համացանցում հայատառ գրելու օր: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար, համացանցում հայկական այբուբենի օգտագործման օրվա նախաձեռնող Զոհրապ Եգանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմեց, որ նախաձեռնությունը մեկնարկել է 2012 թվականից, իսկ փետրվարի 7-ը պատահական է ընտրվել, որևէ հիմք չի եղել:
«Ընդամենն այդ օրը հրապարակեցի մի փոքրիկ տեքստ, որ այդ օրը սկիզբ դնենք վիրտուալ հարթակներում մեսրոպատառ հայերենի տարածմանը: Այն ժամանակ բազմաթիվ հարցեր բարձրացվեցին, թե չկան դրան նպաստող միջոցներ, սակայն այսօր կարող ենք ասել, որ լուծված է մեսրոպատառ հայերենով գրելուն խոչընդոտող տեխնիկական հարցերը՝ համացանցին միացող բոլոր տեսակի սարքերից այսօր կարելի է գրել մեսրոպատառ հայերեն, անվճար հասանելի են նաև համապատասխան ծրագրերը»,-մանրամասնեց նա:
Նախաձեռնության հեղինակը նշեց, որ այս ընթացքում իրենց միացել են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ, ովքեր հայատառ գրելու կոչեր են անում, անգամ Ազգային ժողովում նման կոչ է արել Թևան Պողոսյանը, իսկ բջջային օպերատորներից մեկն էլ իր բաժանորդներին արդեն ուղարկում է հայատառ կարճ հաղորդագրություններ:
Այնուամենայնիվ, Եգանյանն ասաց, որ անցման տեմպերից այդքան էլ գոհ չէ. «Եվս մեկ անգամ խնդրում ենք բոլորին, պետական և մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներին համացանցում հայերեն գրել բացառապես մեսրոպատառ»։
Հանդիպմանը ներկա տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ այս հարցին միայն ռազմահայրենասիրական մոտեցումներով լուծում տալ չի կարելի:
«Շատերը գրում են լատինատառ, զուտ գրագիտության պակասից ելնելով, քանի որ հայերենի դեպքում ուղղագրական հարցեր են առաջանում, գրում են լատինատառ՝ շատ սխալներից խուսափելու համար: Հարցերին պետք է կոմպլեքս նայել, Հայաստանում գիրք կարդում են շատ քիչ, ինչը ևս իր ազդեցությունն է ունենում: Այստեղ մեծ խնդիր ունի դպրոցը: Պետք է երեխաներին դպրոցում ստեղնաշարի վրա հայերենով տպել սովորեցնել: Մեր տառերը կրկնակի շատ են լատինատառից, ինչը ստեղնաշարի հետ աշխատելը դժվարեցնում է շատերի համար: Ընդհանրապես «Ինֆորմատիկա» առարկան ավելի պրակտիկ պետք է դարձնել»,-նշեց մասնագետը:
Զոհրապ Եգանյանը հավելեց, որ այստեղ մեծ դեր ունեն և շարունակելու են ունենալ լրատվամիջոցները. «Կայքերը բավական լուրջ կարող են ազդել հայատառը ընդլայնելու վրա, օրինակ թույլ տալ մեկնաբանություններ թողնել միայն հայատառով»: