Մարուքյան. Երկու ամսից մենք ունենալու ենք երկու րոպե ժամանակ
Ընդամենը երկու ամիս անց ՀՀ քաղաքացիները որոշելու են իրենց առաջիկա հինգ տարիների կյանքի ընթացքը, և ոչ միայն իրենց, այլ նաև մեր պետության առաջիկա տարիների ճակատագիրը: ԱԺ-ում հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ պատգամավո Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ ընտրություններին ընդառաջ նրա հիմնադրած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը «Հանրապետություն» և Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ կազմել է «Ելք» դաշինքը:
«Մենք որոշելու ենք, թե ինչպիսի Հայաստանում ենք ցանկանում ապրել. արդյո՞ք շարունակելու ենք ապրել փոքրաթիվ հարուստների և մեծաթիվ աղքատների Հայաստանում, մենք շարունակելու՞ ենք ապրել այն Հայաստանում որն ամեն տարի լքում է ավելի քան 40 հազար մարդ, մենք շարունակելու՞ ենք ապրել այն Հայաստանում, որտեղ մեր վճարած հարկերը վերածվում են կաշառակեր պաշտոնյաների շքեղ առանձնատների և մեքենաների, այն Հայաստանում, որտեղ բիզնեսը ճնշված է, գիտնականը՝ անտեսված, մարդը՝ արժեզրկված: Թե՞ մենք գտնելու ենք Ելքն այս Հայաստանից, Ելք դեպի այն Հայաստան, որտեղ բիզնեսի համար ստեղծված են հավասար մրցակցային պայմաններ, որտեղ քաղաքացու իրավունքները պաշտպանված են տարատեսակ կամայականություներից, որտեղ աշխատանք գտնելը ոչ թե շռայլություն է այլ հեշտ լուծելի խնդիր»,-իր ելույթում ասաց Մարուքյանը:
Նրա խոսքով, առաջիկա խորհրդարանական ընտրություններում, ըստ էության, ընտրություն է լինելու այս երկու տեսակի Հայաստանների միջև:
«Ընտրելու ենք հնի ու նորի, գորշի և լուսավորի, ճահճի մեջ մնալու և այդ ճահճից Ելք գտելու միջև: «Ելք» դաշինքը, որը ձևավորվել է «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների կողմից, առաջարկում է երկրորդ՝ ավելի զարգացած ու արժանապատիվ Հայաստանի ճանապարհը: Մենք ունենք բավականաչափ քաղաքական կամք, գիտելիքներ և անբասիր կենսագրություն՝ կատարելու այն փոփոխությունները, որոնց մասին հայտարարել ենք»,-ասաց նա:
Մարուքյանն ընդգծեց. «Ընդամենը երկու րոպե քվեախցիկում, որը կորոշի մեր առաջիկա հինգ տարիների կյանքը, երկու րոպե՝ խորացող ճահճում մնալու կամ Ելք գտնելու համար: Երկու րոպե՝ արտագաղթելու կամ հայրենիք վերադառնալու օգտին քվեարկելու համար, երկու րոպե գործազրկության կամ արժանապատիվ աշխատանքի ընտրության համար, երկու րոպե աղքատության կամ բարեկցության ընտրության համար: Երկու ամսից մենք ունենալու ենք երկու րոպե ժամանակ. ես կոչ եմ անում օգտվել այդ երկու րոպեից՝ գտնելու Հայաստանի համար լավագույն և արժանապատիվ Ելքը»:
Հարակից հրապարակումներ`
- ‹‹Արդար քվեաթերթիկը պետք է փամփուշտից զորեղ գտնվի›› Է.Շարմազանով
- Փող պոկելու տարբերակ է. Մ. Շահգելդյան
- Թևան Պողոսյանը SOS է հնչեցնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան