ՌԱԿ կենտրոնական վարչությունը չի ցանկանում միջամտել Հայաստանի ներքին քաղաքականությանը. Պլըքյան
«Ռամկավար Ազատական կուսակցությունը ո՛չ դաշինքով, ո՛չ ուղղակի չի մասնակցի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին»,- այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԱԿ կենտրոնական վարչության փոխատենապետ Լևոն Պլըքյանը։
«Այսօրվա մեր ասուլիսի նպատակն է հանրությանը լուսաբանել, որ կա մեկ և միակ Ռամկավար ազատական կուսակցություն, որն ունի մեկ կենտրոնական վարչություն։ Մեր ասուլիսն ուղղված չէ որևէ անձի կամ դաշինիքի դեմ։ Մենք ուրախ ենք, որ պարոն Ծառուկյանն արդեն անդրադարձել է կատարվածին՝ մերժելով դաշինիքի մեջ ընդգրկել աշխարհասփյուռ ՌԱԿ-ը չներկայացնող խմբին։ Ջատագովելով հայրենիքի մեջ տեղի ունեցող ամեն միջոցառում, շեշտում ենք, որ ՌԱԿ-ը առայժմ քաղաքական կառույց չունի հայրենիքի մեջ և չպիտի մասնակցի 2017 թվականի ապրիլի խորհրդարանական ընտրություններին»,- ասաց նա։
Լևոն Պլըքյանի խոսքով՝ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը որևէ կապ չունի ավանդական ՌԱԿ-ի հետ. «Այս պահին նրանք մեզ հետ կապ չունեն, եղել է ժամանակ երբ մենք աշխատել, համագործակցել ենք միասին, սակայն վերջին տարիներին ոչ մի համագործակցություն չկա, քանի որ նրանց կողմից եղել են աշխատանքային, գաղափարախոսական շեղումներ։ Մենք նրանց չենք կարող ասել՝ միանան կամ չմիանան այս կամ այն դաշինքին։ Եթե նրանք ցանկանում են միանալ «Ծառուկյան» դաշինքին կարող են միանալ, մենք իրենց չենք խոչընդոտում, ուղղակի մեր հարցը հետևյալն է, որ հանդես չգան ավանդական ՌԱԿ-ի անունից։ Մեր կուսակցության 19 շրջանակներից միայն 3-ի անդամներից են, որ կողմ են արտահայտվել ՀՌԱԿ-ին աջակցելու հարցում»։
Ասուլիսին հանկարծակի ներկայացած ՀՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը արձագանքելով Պլըքյանին՝ նշեց, որ ՀՀ օրենքի համաձայն իրենք կարող են օգտագործել ՌԱԿ-ի անունը, դրոշն ու զինանշանը և ոչ ոք չի կարող դա իրենց արգելել. «Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցությունը գրանցված է ՀՀ-ում, հետևաբար, ունի իրավական բոլոր հիմքերն ընտրություններին մասնակցելու կամ այս կամ այն դաշինքին միանալու հարցում։ Դա մեր իրավասությունն է, դրսի կառույցները կարող են իրենց խոսքն ասել, սակայն որևէ բան արգելել չեն կարող։ Պարոն Պլըքյան, դուք եկել եք Սիրիայից, բայց նույնիսկ այնտեղ Ռամկավար ազատական կուսակցությունը իրավաբանորեն գրանցված չէ: Հիմա առաջիկայում Լիբանանում ընտրություններ են` ես կարո՞ղ եմ այնտեղի կառույցին ասել ի՞նչպես մասնակցեն դրանց կամ մասնակցե՞ն, թե՞ ոչ: Կամ գրանցվեք Հայաստանում ու խոսեք իրավական տեսանկյունից կամ հայտնվեք դիտողի դերում»։
Լրագրողներն Ավետիքյանից հետաքրքրվեցին, թե Ծառուկյանի՝ ՀՌԱԿ-ի հետ դաշինքային համագործակցությունից ձեռնպահ մնալուց հետո, ի՚նչ քայլեր են անելու, ի պատասխան նա ասաց, որ հետագա անելիքների մասին առաջիկայում ունենալիք ասուլիսում կներկայացնեն։
Ավետիքյանի խոսքով` «սա հստակ վարվող քաղաքականություն է՝ Ռամկավար ազատական կուսակցության սփյուռքի կառույցներին ոտքի է հանել Հայաստանի իշխանությունը, որպեսզի դրանք դեմ դուրս գան ՀՀ ռամկավարներին և թույլ չտան միանալ ընդդիմադիր որևէ ուժի, այս դեպքում: Ցանկանում են մոնոպոլիզացնել Սփյուռքը»։
Ասուլիսի ավարտին խորհրդական Ալեքսան Գարատանյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչությունը չի ցանկանում միջամտել Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականությանը։
Հիշեցնենք, որ նախօրեին Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ նշվում էր, որ Ծառուկյանը ձեռնպահ է մնում այս փուլում ՀՌԱԿ-ի հետ դաշինքային համագործակցությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան