«Ռեալն» սպառնում է Եվրոպայի Սուպերլիգայի ստեղծմամբ
Ինչպես տեղեկացնում է football.ua-ն, «Ռեալը» շատ դժգոհ է այն փաստից, որ «Սելտայի» հետ հանդիպումը հետաձգվել է, և դա կարող է խթանել եվրոպական Սուպերլիգայի ստեղծումը։ Այդ խաղը հետաձգվել է Վիգոյի եղանակային բարդ պայմանների պատճառով։ Լա լիգայի պաշտոնական դեմքերն արդեն հասցրել են փաստել, որ խաղացանկում ազատ տեղ չկա՝ հետաձգված հանդիպումն անցկացնելու համար։
Մադրիդցիները կարծում են, որ խաղը կարելի էր անցկացնել առանց երկրպագուների կամ տեղափոխել Վիգոյին մոտ գտնվող որևէ մարզադաշտ։ «Արքայական ակումբն» այս հիասթափության ֆոնին կարող է նախաձեռնել Եվրոպայի Սուպերլիգայի ստեղծումը։ Դա մի մրցաշար է, որը պետք է փոխարինի Չեմպիոնների լիգային ու ազգային առաջնություններին։ Այն փակ մրցաշար կլինի եվրոպական էլիտար ակումբների համար։ Մադրիդցիներին գործնականում կարող են աջակցել «Բավարիան» ու «Յուվենթուսը», որոնց պաշտոնական ներկայացուցիչները մեկ անգամ չեն արտահայտվել նման մրցաշարի ստեղծման օգտին։
Ինչ վերաբերում է «Սելտային», պետք է ասել, որ Վիգոն ներկայացնող ակումբին զարմացնում է «Ռեալի» պահվածքը, որը ֆուտբոլային խաղն ավելի կարևոր է համարում, քան երկրպագուների անվտանգությունը։ Բացի այդ, մադրիդյան թիմի երկրպագուները պետք է նստեին մարզադաշտի հենց այն հատվածում, որն ավելի շատ է տուժել փոթորկից։
Հիշեցնենք, որ «Դեպորտիվոյի» ու «Բետիսի» հանդիպումը նույնպես հետաձգվել է։