Գագիկ Ծառուկյանը ձեռնպահ է մնում այս փուլում ՀՌԱԿ-ի հետ դաշինքային համագործակցությունից
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը տարածել է հայտարարություն, որում ասված է. «Ինչպես գիտեք, Գագիկ Ծառուկյանը հայտարարել է քաղաքականության փակված էջը բացելու և ակտիվ քաղաքականություն վերադառնալու իր մտադրության մասին, ընդգծելով, որ պատրաստ է ձևավորել լայն դաշինք քաղաքական տարբեր կառույցների և կուսակցությունների հետ՝ ի նպաստ Հայաստանի զարգացման և բարօրության: Գագիկ Ծառուկյանի նպատակը մեկն է՝ Հայաստանի և Սփյուռքի ավանդական կուսակցությունների համախմբման միջոցով ստեղծել երկրի խնդիրներով մտահոգ և դրանց լուծման պատրաստակամությամբ զինված քաղաքական ուժերի և անհատների լայն դաշինք, որպեսզի խորհրդարանում հնարավոր լինի բարձրաձայնել նաև Սփյուռքի մեր հայրենակիցների խնդիրները:
Պարոն Ծառուկյանի կոչին մինչև այս պահը արձագանքել և համագործակցության ցանկություն են հայտնել բազմաթիվ կուսակցություններ, այդ թվում նաև Ռամկավար Ազատական կուսակցության հայաստանյան կառույցը՝ ատենապետ Հակոբ Ավետիքյանի գլխավորությամբ: Սակայն այս հայտարարությունից հետո ՌԱԿ-ի տարբեր թևեր և սփուռքյան կառույցներ սկսեցին հանդես գալ իրարամերժ հայտարարություններով, առ այն, որ չեն կիսում ՀՌԱԿ-ի՝ խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու ցանկությունն ու որոշումը: Բացարձակ ցանկություն չունենալով ներքաշվել ՌԱԿ ներկուցակցական ինտրիգների և պառակտումների մեջ՝ Գագիկ Ծառուկյանը ձեռնպահ է մնում այս փուլում ՀՌԱԿ-ի հետ դաշինքային համագործակցությունից: Հույս ունենք, որ ՌԱԿ հայաստանյան և Սփյուռքի կառույցները կհարթեն իրենց միջև առկա տարաձայնությունները: Գագիկ Ծառուկյանը շարունակում է կարևոր համարել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդրումը և այդ գործում թե՛ հայաստանյան, և թե՛ Սփյուռքի կուսակցությունների ակտիվ ներգրավվածությունը»:
Նշենք, որ Լիբերալ դեմոկրատական (Ռամկավար ազատական) կուսակցության հանրապետական վարչությունը նույնպես տարածել է հայտարարություն. «Հետևելով Հայաստանի Հանրապետությունում վերջերս ընթացող քաղաքական գործընթացներին (կապված 2017թ-ի ապրիլի 2-ին տեղի ունենալիք Ազգային Ժողովի ընտրությունների հետ )՝ Արցախի Լիբերալ Դեմոկրատան (Ռամկավար Ազատական) Կուսակցության Հանրապետական վարչությունը, որը մաս է կազմում աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական Կուսակցությանը, հայտարարում է ՝ չնայած Հայաստանում գործող ինչ-որ քաղաքական խմբավորում,որը քաղաքական անմաքուր շոուի արդյունքում գրանցվել է որպես «Ռամկավար Ազատական» Կուսակցություն, որևէ կապ չունի Ռամկավար ազատական կուսակցության և նրա գերագույն մարմնի՝ «ՌԱԿ» Կենտրոնական վարչության հետ: ՌԱԿ Կենտրոնական վարչությունը որևէ պատասխանատվություն չի կրում Հայաստանյան կուսակցական դաշինքներում մանևրող նույնանուն քաղաքական խմբի որոշումների համար, քանի որ այդ խմբի պարագլուխները միշտ հիշեցրել են ՌԱԿ Կենտրոնական վարչությանը, որ նրանք միայն «քույր» կուսակցություն են: Հիշեցնենք նաև, որ նշված խումբը ղեկավարվում և հովանավորվում է ոչ թե սփյուռքի կառույցների շրջանակների, ոչ էլ առավել ևս «ՌԱԿ» Կենտրոնական վարչության կողմից: Այս «սուրբ» պարտականությունն իրականացնում են սփյուռքում կուսակցությունից հեռացված կամ ինքնակամ հեռացած մեկ տասնյակը չգերազանցող անհատներ»:
Ռամկավար ազատական կուսակցության կետրոնական վարչությունը տարածել է մամուլի հաղորդագրություն՝ նշելով, որ «Ռամկավար Ազատական կուսակցությունը ո՛չ դաշինքով, ո՛չ ուղղակի չի մասնակցի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին»: Փետրվարի 7-ին ՌԱԿ-ը հանդես կգա ասուլիսով և հայտարարությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Լյուդմիլա Սարգսյանը միանում է «Գագիկ Ծառուկյան» դաշինքին»
- «Ծառուկյան» դաշինքի շուրջ համաձայնագրի ստորագրումը ձգձգվում է
- «Առաքելություն»-ը ընտրություններին կմասնակցի Ծառուկյան դաշինքին շրջանակներում
- «Ծառուկյան» դաշինքի շուրջ համախմբված ուժերի միջև համաձայնագիրը կստորագրվի փետրվարի 5-ին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին