Թևան Պողոսյանը հույս ունի, որ ընտրողներն ավելի ճիշտ վարքագիծ կդրսևորեն
«Շատ հետաքրքիր ժամանակահատված ենք թևակոխել, երբ Հայաստանում տարբեր քաղաքական կուսակցություններ, միավորումներ իրենց հայտն են ներկայացնում գալ իշխանության, ապագայում կառավարել Հայաստանը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
Նրա խոսքով, առայժմ տեսնում է միայն անձերի համախմբումներ, հույս ունի, որ այդ համախմբումները կվերածվեն ծրագրերի, այլընտրանքային մոդելի ներկայացման, որտեղ կնկարագրեն իրենց գործողությունները, թիմը, տեսլականը, ինչ են անելու առաջիկա հինգ տարիներին:
«Այս ամենն իրականում գեղեցիկ հույսեր են, թե իրականությունն ինչ կլինի, կյանքը ցույց կտա: Բայց այն ընտրական համակարգը, որ ընդունվեց Ընտրական օրենսգրքով, առայժմ դրական բաների մասին թույլ չի տալիս խոսել: Ընտրություններում հաղթելու համար մարդկանց համար ամենակարևոր խնդիրն է դառնալու հայթայթել մեծ ֆինանսական միջոցներ, ավելի շատ տեսնելու ենք թաղային հեղինակություններ, ադմինիստրատիվ ռեսուրսների օգտագործում»,- ասաց պատգամավորը:
Թ. Պողոսյանը հույս ունի, որ ընտրողներն ավելի ճիշտ վարքագիծ կդրսևորեն, կգնան ոչ թե գումարի հետևից, այլ կփորձեն սեփական հարցադրումներով պատկերացում ձևավորել, թե այս կամ այն թիմն ինչ է առաջարկում առաջիկա տարիների համար: Նա ցանկանում է նոր խորհրդարանում տեսնել մարդկանց, ովքեր ոչ թե որոշում դակող կլինեն, այլ գնում են խորհրդարանում պայքարելու, ելույթներ ունենալու, հարցադրումներ, հարցապնդումներ անելու համար:
«Ուզում եմ ունենանք պատգամավորներ, որոնց ոչ միայն դեմքով են ճանաչելու կամ մականուններով, այլ իրենց ասած մտքով, արժեքով, ձայնով: Կցանկանայի տեսնել երիտասարդացած խորհրդարան, ոչ թե հին դեմքերին»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան