Օսկանյան. Ես ո՞նց կարող էի մարտի 1-ի դեպքերի հետ կապ ունենալ
«Ես պատասխանատու եմ զգում այնքանով, ինչքանով իշխանության մաս եմ եղել այդ օրը: Դա մեր պատմության սև էջերից մեկն է, և հույս ունեմ, որ նման բան էլ չի կրկնվի: Դրա համար նույնքանով պատասխանատու են գյուղատնտեսության, էկոնոմիկայի, կրթության նախարարները»:
«Ազատություն» ՌԿ-ի եթերում պատասխանելով 2008-ի մարտի 1-ի վերաբերյալ ֆեյսբուքյան օգտատիրոջ հարցին, ասաց նախկին ԱԳ նախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը: Նրան հարցրել էին. «Մարտի 1-ի դեպքերի համար Դուք Ձեզ վատ չե՞ք զգում»:
Օսկանյանի խոսքով, գործադիրի իր գործընկերներից ինքը շահեկանորեն տարբերվում է. «Ես գոնե այդ օրը մինչև իսկական դեպքերի տեղի ունենալը, կրակոցները, զոհերը, փորձել եմ ինչ-որ բան կամխել: Ուրիշների նման մի անկյուն չեմ փախել: Ելույթ եմ ունեցել, ժողովրդի առաջ կանգնել եմ, ժողովրդի աչքերի մեջ նայել եմ, կոչ եմ արել իշխանությանն ու ընդդիմությանը, դա արել էմ պատասխանատվության գիտակցումից»:
Նախկին ԱԳ նախարարի խոսքով, իրեն մտահոգել է երկրի կայունությունն ու հեղինակությունը, դրա համար էլ ունեցել է վստահություն, պատասխանատվության զգացում, համարձակություն:
«Այսինքն, ես պատասխանատու եմ զգում, բայց հանգիստ եմ զգում իմ մտքում ու խղճում: Բայց նորից եմ ասում, այս հարցի հետ կապված հասցեատերն այսօրվա իշխանությունն է, եթե ուզեն 5 րոպեում կարող են բացահայտել, գնացեք իրենց դուռը խփեք, թող բացահայտեն ինչ է եղել»,-ասաց նա, ավելացնելով, որ ինքը կողմ է դրա բացահայտմանը:
Հաջորդ հարցին, թե ընտրություններում հաղթանակի հասնելու դեպքում իրենց դաշինքի օրակարգում կա՞ մարտի 1-ի բացահայտում, Օսկանյանը պատասխանեց, որ անկախ դատական համակարգի առակայության պարագայում իր խնդիրը չէ բացահայտել:
«Ես կարող եմ կոչ անել: Դատական համակարգը պետք է զբաղվի այդ հարցերով, ես որպես իշխանություն, իհարկե, որևէ կերպ չեմ խոչընդոտի, այլ կքաջալերեմ, որպեսզի գնան ու անեն: Հիմա էլ կոչ եմ անում իշխանություններին»,-ասաց Օսկանյանը:
Նրա խոսքով, մարտի մեկի վերաբերյալ իրեն ուղղված հարցերն ուղղորդված են, քաղաքական շահարկումներ են, իր վզին փաթաթելու փորձեր:
«Ես ո՞նց կարող էի մարտի 1-ի դեպքերի հետ կապ ունենալ՝ ոչ հրաման տվող եմ, ոչ իրագործող եմ, ընդամենը երկրի արտաքին գործերի նախարարն եմ, քաղաքացի եմ, ով մտահոգված է երկրի կայունությամբ»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան