Քննարկվել է հրաձգության զարգացման ռազմավարության հայեցակարգը
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ստեղծված աշխատանքային խումբը քննարկել է հրաձգություն մարզաձևի զարգացման ռազմավարության հայեցակարգը և միջոցառումների 2018-2024 թթ. ծրագրերը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սպորտի ր երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Համաձայն Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած հրաձգություն մարզաձևի զարգացման հայեցակարգի՝ նախատեսվում է Երևանում և ՀՀ մարզերում կառուցել անվճար հիմունքներով գործող ուսուցողական-մարզումային հրաձգարաններ, ինչպես նաև վճարովի հիմունքներով գործող ժամանցային հրաձգարաններ, որտեղ ոչ միայն հնարավոր կլինի ծանոթանալ զենքին, սովորել նշանառություն ու կրակել, այլև պարբերաբար կանցկացվեն վարժանքներ:
Որպես մարզաձևի զարգացման կարևորագույն նախապայման նախատեսվում է ուսումնական հաստատություններում զինվորական պատրաստության դասաժամերին ուսուցանել կրակելու հմտություններ՝ տղաներին և աղջիկներին համահավասար, վերանորոգել հրաձգարանները և այլ ծրագրային միջոցառումներ, որոնք կնպաստեն ոչ միայն մարզաձևի մասսայականացմանը, այլև կհանգեցնեն մարզական արդյունքների աճին, միջազգային մրցասպարեզներում մեդալների ձեռքբերմանը, Հայաստանի մարզական հեղինակության ամրապնդմանը։