Նախարարը գոհ է գեղասահորդներից
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում մեկնարկել են քննարկումներ՝ ոչ հենակետային մարզաձևերի ֆեդերացիաների հետ: Այսօր՝ փետրվարի 7-ին, նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ: Նախարարն իր գոհունակությունն է հայտնել Եվրոպայի առաջնությանը հայ գեղասահորդների հաջող մասնակցության կապակցությամբ և ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանին հորդորել շարունակել աշխատել նույն ոգով և ջերմեռանդությամբ՝ ավելի բարձր մարզական նվաճումներ գրանցելու համար:
Նախարարի խոսքերով, ցավոք, գեղասահքով մեծամասամբ զբաղվում են Երևանում, սակայն այս մարզաձևը՝ որպես ձմեռային, զարգացման և տարածման ավելի մեծ հնարավորություններ կարող է ունենալ Հայաստանի հյուսիսում:
«Անհրաժեշտ է ուսումնասիրել այդ մարզերում առկա մարզական ներուժը, մասնավորապես՝ Գյումրի, Վանաձոր և մյուս քաղաքների հնարավորությունները՝ այդ քաղաքներում սահադաշտեր ունենալու համար: Խնդրում եմ հաշվի առնել, որ խոսում ենք ոչ թե պրոֆեսիանալ, այլ սիրողական մարզումների մասին»,- ասել է Ռոստոմյանը:
Նույն օրը նախարարը հանդիպել է նաև Հայկական ազգային կանոէի ֆեդերացիայի անդամների հետ՝ ֆեդերացիայի նախագահ Վարդան Ադամյանի գլխավորությամբ: Հ. Ռոստոմյանը նույն հորդորով դիմել է նաև կանոէի ֆեդերացիայի անդամներին՝ ներկայացնել առաջարկություն ՀՀ մարզերում թիավարություն մարզաձևն ավելի մասսայական դարձնելու համար:
«Հասկանալի է, սա առանձնահատուկ մարզաձև է: Սակայն հետևողական աշխատանքի շնորհիվ 4-5 տարի հետո մենք կարող ենք տեսանելի արդյունքներ գրանցել»,- ասել է նախարարը և ավելացրել, որ ուսումնասիրությունները պետք է սկսել Հայաստանի տարածքում տեղակայված ջրային տարածքների հնարավորությունները գնահատելուց:
«Այդ ամենից հետո մենք կրկին կհանդիպենք: Այդ ժամանակ ես ձեզանից արդեն սպասում եմ կոնկրետ առաջարկություններ»,- Ռոստոմյանի խոսքերն է մեջբերում Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Նախարարը քննարկումներին մասնակցած ֆեդերացիաների ղեկավարներին առաջարկել է մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ գեղասահք և թիավարություն մարզաձևերի մասսայականացման ու տարածման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: