Լապշինի էպոպեան և Ռուսաստանի պարտությունը
Փետրվարի 7-ին Բելառուսի իշխանություններն Ադրբեջանին հանձնեցին բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Ըստ ամենայնի, նա Ադրբեջանում ծիսականացված ներողություն խնդրելուց հետո ազատ կարձակվի: Սակայն դրանով հարցի քաղաքական կողմը չի փակվի: Այն դեռ նոր է սկսվել. Լապշինի քեյսում գործ ունենք առնվազն 5 երկրի՝ Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Բելառուս, Իսրայել, շահերի հետ:
Ցանկում առաջինն, անշուշտ, Ադրբեջանն է, քանի որ գործընթացի նախաձեռնողը պաշտոնական Բաքուն է: Իլհամ Ալիևին Ալեքսանդր Լապշինը (ինչպես և ցանկացած այլ ոք) պետք է սեփական հասարակության աչքում մաչո երևալու համար: Բլոգերին մի ամբողջ ջոկ հատուկջոկատայինի ուղեկցությամբ Մինսկից Բաքու քարշ տալն ու այդ գործընթացը պատկերող լուսանկարները լրատվամիջոցներով տարածելն ընդամենը կոչված են ադրբեջանական հասարակությանը համոզելու, որ Իլհամ բաբայի ասածն արած է: Թե հետագայում ինչպես կծավալվեն իրադարձությունները, հայտնի չէ, բայց հավանական է, որ ադրբեջանական վարչակարգն իրավիճակից պարտված դուրս չի գա:
Բուն Լապշինի պարագայում Իլհամ Ալիևը դեռ կարող է օգուտներ քաղել՝ շահագրգիռ կողմերից (Ռուսաստան, Իսրայել, ԱՄՆ և այլն) որևէ մեկի խնդրանքին ի պատասխան ներում շնորհի և դրա դիմաց լրացուցիչ պարգևատրում ստանա: Գումարած ղարաբաղյան դոսյեն. վստահաբար Լապշինի գլխին եկածից հետո շատ լրագրողներ ու բլոգերներ կխուսափեն այցելել Արցախ:
Բնականաբար, Հայաստանը և Արցախն այս պարագայում տուժում են: Ադրբեջանը տևական ժամանակ ձգտում է ֆիզիկական շրջափակման հետ զուգահեռ տեղեկատվական վակուումի մեջ պահել Արցախն ու նրա բնակիչներին: Եվ փաստ է, որ Լապշինի գործն ու հայտնի «սև ցուցակը» միտված են այս խնդրի լուծմանը: Լապշինի գլխին եկածը կարող է հարցադրումներ առաջացնել Արցախ այցելելու մտադրություն ունեցող բոլոր պոտենցիալ բլոգերների ու լրագրողների մոտ: Բայց եթե այդ լրագրողներն ու բլոգերները գրելուց բացի նաև մտածելու կարողություն ունենան, հանգիստ կնկատեն, որ Լապշինի դեպքում գործ ունենք համաձայնեցված գործողությունների հետ:
Բոլոր նախադրյալները կան՝ ենթադրելու համար, որ Լապշինի քեյսում գործ ունենք Իսրայելի-Բելառուսի և Ադրբեջանի միջև կայացված կուլիսային համաձայնության հետ, որը ենթադրում է պարզ շղթա. Լապշինը Մինսկում պատանդառվելուց հետո փոխանցվում է Բաքվին, Բաքուն իր հերթին, ստանալով «ներողություն», նրան փոխանցում է Ռուսաստանին կամ Իսրայելին:
Այս գործարքում ամենատարօրինակը Իսրայելի մասնակցության փաստն է, բայց ենթադրվում է, որ Թել Ավիվը գործարքից կշահի՝ Ադրբեջանից սպառազինության խոշոր խմբաքանակի պատվերի տեսքով: Իսրայելի ներգրավվածության կասկածները հիմնված են երկու փաստի վրա. նախ Լապշինի քեյսը մեկնարկեց այն բանից հետո, երբ 2016-ի դեկտեմբերի 15-ին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահույի Բաքու կատարած այցից 2 օր հետո: Իհարկե, իրադարձությունների հաջորդականությունը պատճառ-հետևանքային կապի ապացույց չէ, բայց այս դեպքում, կարծես, հենց դա է, որ կա:
Սրա վկայությունն է նաև պաշտոնական Թել Ավիվի վարքագիծը: Իսրայելը հայտնի է ողջ աշխարհով մեկ իր քաղաքացիների շահերը պաշտպանելով: Դժվար է գտնել դեպք, երբ այդ երկրի որևէ քաղաքացի որևէ երկրում քրեական հետապնդման է ենթարկվել, և անհրաժեշտ իրավական ու հատկապես քաղաքական օժանդակություն չի ստացել: Իսկ ահա Լապշինի դեպքում Նաթանյահույի կառավարությունը մի տեսակ շատ զուսպ էր, և դա այն դեպքում, որ Բելառուսն ամենևին էլ Հյուսիսային Կորեա չէ ու ներազդելու բազում գործիքներ կան: Ստացվում է, որ Թել Ավիվի լռությունը հաշվարկված էր, ինչի դիմաց նա կպարգևատրվի: Ի վերջո, եթե Ռուսաստանը մինչև վերջ էլ հետաքրքրություն չդրսևորի Լապշինի հարցում, Բաքուն կարող է «մեղա եկած» բլոգերին փոխանցել Իսրայելին՝ այդ կերպ կասկածի չենթարկելով այդ երկրի իմիջը: Երևի այս պատճառով է, որ հրեական պետության դիվանագետները, որ մինչ այսօր լուռ էին, Լապշինի Բաքվում հայտնվելուց հետո սկսել են հետաքրքրվել նրա ճակատագրով:
Ինչ վերաբերում է Բելառուսին, պետք փաստել, որ այս գործընթացում այդ երկիրը, լինելով պատանդառուն, միաժամանակ նաև՝ հիմնական շահառուն է. Լապշինին ձերբակալելով Բելառուսի իշխանությունները փորձում էին շանտաժի ենթարկել Մոսկվային: Որպես կանոն Ալեքսանդր Լուկաշենկոն հենց նման մեթոդներով է շփվում Մոսկվայի հետ: Ռուս-բելառուսական հարաբերությունների սրման ցանկացած փուլում Լուկաշենկոն գնում է նման քայլերի՝ փորձելով Ռուսաստանից ստացվող սուբսիդիաների (նավթի ու գազի էժան գների, բելառուսական ապրանքների համար մրցունակ պայմանների և այլ ձևերով) ծավալը մեծացնել կամ ժամկետը երկարացնել: Լուկաշենկոն Ռուսաստանի քաղաքացու ձերբակալման միջոցով Մոսկվային սեփական պայմանները պարտադրելու փորձ մինչ այս ունեցել է:
2013-ի օգոստոսի 26-ին Բելառուսում ձերբակալել էին «Ուրալկալիում» ձեռնարկության տնօրեն Ալեքսանդր Բաումգարտներին, ով այդ երկիր էր ժամանել վարչապետ Միխաիլ Մյասնիկովիչի հրավերով: Իրավիճակը շտկելու համար սեպտեմբերի 11-ին Մինսկ էր այցելել Իգոր Սեչինը, իսկ սեպտեմբերի 23-ին խնդիրը «կարգավորվել» էր Վլադիմիր Պուտինի և Լուկաշենկոյի հանդիպման արդյունքում: Այդ օրերին ռուսական ու համաշխարհային մամուլը հետևում էր, թե ինչպես է Լուկաշենկոն ռուս գործարարի խաղաքարտը բանեցնելով արտոնություններ կորզում Մոսկվայից:
Ակնհայտ է, որ Լուկաշենկոն Լապշինի դեպքում ևս նման մտադրություններ է ունեցել: Պատճառը Մոսկվայի հետ ընթացիկ խնդիրներն են: Երկու երկրների հարաբերություններում հատկապես խնդրահարույց է Բելառուսից սննդամթերքի արտահանումը Ռուսաստան: Բանն այն է, որ Արևմուտքի պատժամիջոցներին ի պատասխան Ռուսաստանը սահմանափակել է այդ երկրներից սննդամթերքի մատակարարումը, մինչդեռ Բելառուսն օգտվելով սահմանի թափանցիկությունից, անցած երկու տարիներին վեր էր ածվել արգելված սննդամթերքի խոշոր մատակարարի՝ դառնալով ծովամթերքների խոշոր արտահանող: Փաստացի Լուկաշենկոն «փող էր սարքում» Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը ոտնահարելով, ինչը Մոսկվան երկար հանդուրժել չէր կարող: Բնականաբար Ռուսաստանի իշխանությունները կանխարգելիչ գործողություններ են ձեռնարկել, որոնց գագաթնակետը դարձավ այս տարվա հունվարին ռուս-բելառուսական սահմանի վրա անցակետերի և անձնագրային ստուգումների ներդրումը: Սա, բնականաբար, զայրացրել է Լուկաշենկոյին, ով այլ քայլերից զատ (նոտաներ ու սպառնալիքներ հղելը), հանձնարարել է քրեական գործ հարուցել Ռուսաստանի Անասնաբուժական և բուսասանիտարական տեսչության (Россельхознадзор) ղեկավար Սերգեյ Դանկվերտի նկատմամբ՝ «ՌԴ շուկա բելառուսական սննդամթերքի մատակարարմանը խոչընդոտելու համար»:
Կասկածից վեր է, որ Լուկաշենկոն մտադիր էր Լապշինի քարտը ևս օգտագործել՝ ռուսական կողմին զիջումներ պարտադրելու համար: Պատճառը շատ պարզ է՝ բլոգերը ոչ միայն Ռուսաստանի քաղաքացի է, այլ շատ յուրահատուկ կարգավիճակի տեր: Նա մեղադրվում է մի հանցագործության մեջ, որի մեջ կարող են մեղադրվել Ռուսաստանի տասնյակ և հարյուրավոր այլ քաղաքացիներ: Լուկաշենկոն հավանաբար հաշվարկել էր, որ Լապշինի հարցում Մոսկվան անպայման կգնա զիջումների, քանի որ հակառակ դեպքում ստեղծվելու է նախադեպ. Դոնեցկում, Լուգանսկում ու Ղրիմում աշխատած հարյուրավոր ռուս լրագրողներ կարող են հայտնվել նույն կարգի հետապնդումների թիրախում: Լուկաշենկոն կարծում էր՝ Մոսկվան այլընտրանք չունի, մինչդեռ Կրեմլում որևէ կերպ չէին արձագանքում իրավիճակին՝ սահմանափակվելով միայն հերթապահ հայտարարություններով:
Կրեմլի կոնտակտի դուրս չգալը հաստատեց ինքը՝ Լուկաշենկոն: Փետրվարի 3-ին կազմակերպած ասուլիսում նա հայտնել էր, որ ռուսները հետաքրքրություն չեն ցուցաբերում և «իրենք նրան Ադրբեջանին չհանձնելու ոչ մի հիմք չունեն»: Նա միաժամանակ հայտնել է, որ «Ադրբեջանը, Ռուսաստանն ու Իսրայելը Լապշինի հարցում միասին համաձայնության թող գան»: Սա ըստ ամենայնի՝ վերջին նախազգուշացում էր Ռուսաստանին, որն այդպես էլ արձագանք չստացավ և Բատկան՝ ավտորիտար առաջնորդին բնորոշ եղանակով «խոսքի տերը եղավ» և բլոգերին շուտափույթ հանձնեց Բաքվին:
Ինչպես արդեն ասվեց, Բաքվում Լապշինի գլխից մազ չի պակասի և նա անհրաժեշտ պրոցեդուրան անցնելուց հետո կհանձնվի Ռուսաստանին (կախված նրանից, թե այս փուլում Ռուսաստանը շահագրգռություն կդրսևորի, թե կշարունակի նույն կեցվածքը) կամ Իսրայելին: Փոխարենն այս պատմությունից Ռուսաստանը տանուլ տված դուրս կգա: Բելառուսի ուղղությամբ անզիջողականություն դրսևորելու դիմաց Ռուսաստանը մի կողմից կստանա Հայաստանի հասարակության ու հայության հիասթափության հերթական չափաբաժինը, և դեռ հայտնի չէ, թե Մոսկվան ինչ գին կվճարի՝ հավատարիմ դաշնակցի իմիջը վերականգնելու համար:
Մյուս կողմից Մոսկվան հարվածի տակ կդնի Ղրիմում, Դոնեցկում, Լուգանսկում, Աբխազիայում ու Հարավային Օսիայում աշխատող լրագրողներին: Եվ ամենակարևորը՝ մեծ է իմիջային կորուստը Ռուսաստանի համար. փաստորեն գլոբալ տերության կարգավիճակի ձգտող երկիրը Լապշինի քեյսով ցույց տվեց, որ ի վիճակի չէ արդարության ու ողջամտության կանոններ ապահովել իրեն անմիջապես սահմանակից՝ իր կողմից ռազմավարական շահերի գոտի հռչակված տարածաշրջանում: Ավելին՝ նա նույնիսկ ի վիճակի չէ դիմակայել Լուկաշենկոյի ու Ալիևի կարգի ավտորիտար առաջնորդներին ու պաշտպանել սեփական քաղաքացուն, ով անգամ Լուկաշենկոյի բառերով «մեծ հանցանք չի գործել»: Ենթադրվում է, որ Կրեմլում գիտակցում են այսքանը, և առաջիկայում փորձ կանեն հակառակն ապացուցել:
Հարակից հրապարակումներ`
- ՓՊ. Լապշինի արտահանձնումն իրականացվել է շրջանցելով ներպետական և միջազգային իրավական կարգավորումները
- Բելառուսում ՀՀ դեսպան. Ես ի՞նչ կարող էի անել
- Մենք պետք է Ադրբեջանի ջաղացին ջուր չլցնենք. Էդվարդ Նալբադյանը՝ Լապշինի արտահանձման մասին
- ՌԴ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ իրավական քայլերը Լապշինի պաշտպանության նպատակով. Պեսկով
- Ժիրինովսկի. Հզոր Բելառուսը ռուս Լապշինին հանձնեց Բաքվին՝ հոշոտվելու
- Բելառուսի ՆԳՆ. Լապշինը հավելյալ պաշտպանություն չի խնդրել
- Կարեն Բեքարյան. Ադրբեջանի նպատակը Լապշինը չէ
- Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին կեղտոտ գործարք է. Էդուարդ Շարմազանով
- ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը՝ Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջան արտահանձնման վերաբերյալ
- Արցախի ՄԻՊ. Լապշինի գործը դառնալու է հակադարձ նախադեպ
- Բլոգեր Լապշինը չի մեկնաբանել իր արտահանձնումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան