Ռալֆ Յիրիկյանը նախարարին ահազանգել է՝ հնարավոր է օպերատորները նվազեցնեն ներդրումները
Հեռահաղորդակցության ոլորտում խնդրահարույց շրջան է բոլոր օպերատորների համար. խնդիրները ոչ թե մրցակցային դաշտում են, այլ՝ ռազմավարական: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերություն այցելած տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին խնդիրները ներկայցրել է ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ընկերության տնօրենը խոսեց հաճախականությունների համար արվող պետական վճարների մասին: Ռալֆ Յիրիկյանի պնդմամբ` եկամուտների կրճատման ֆոնին դրանք զգալի ֆինանսական բեռ են դարձել:
Նախարարը նկատել է, որ հաճախականություններն անսպառ ռեսուրսներ չեն, և առաջնայինը ոչ թե շահագործման սակագնի վերանայումը, այլ դրանք հնարավորին խնայողաբար օգտագործելն է:
Ռալֆ Յիրիկյանը նշել է , որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ներկայում ամենաքիչ հաճախականություններ օգտագործող օպերատորն է: Նա անդրադարձել է նաև ոլորտի պաշտպանվածությանը, նշելով, որ «OTT» ծառայությունների հավելվածները զգալի նվազեցրել են ձայնային ծառայությունների օգտագործման ծավալները: Մարդիկ գերադասում են մատչելի ինտերնետից օգտվելով զանգեր կատարել ու հաղորդագրություններ ուղարկել «Սքայփով» կամ «Վայբերով», քան օգտվել GSM ծառայություններից:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենի խոսքով` այդ հավելվածներն օգտվում են օպերատորների ենթակառուցվածքներից` առանց որևէ եկամուտ բերելու պետությանը կամ օպերատորին: Ռալֆ Յիրիկյանը կանխատեսեց, որ շուտով այդ գործընթացը կբերի եկամուտների խիստ նվազման, այն աստիճան, որ օպերատորները կպակասեցնեն ներդրումները:
Նախարարն ընդգծել է , որ այդ իրավիճակն ամբողջ աշխարհում է: Հեռահաղորդակցության օպերատորներին մնում է նոր տեխնոլոգիաներ ներդնել, որոնք էլ նոր ծառայությունների մատուցման հնարավորություն կտան:
Վահան Մարտիրոսյանը բարձրացրել է նաև ռոումինգի սակագների հարցը: Նա նշել է, որ Ռուսաստանում կապի նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկել են ԵՏՄ տարածքում ռոումինգի ծառայությունների սակագնին վերաբերող հարցեր:
Ընկերության իրավաբանական վարչության պետ Արմինե Սարգսյանը նշել է, որ քննարկումների առաջին փուլում ռոումինգի սակագների որոշակի նվազեցում արվել է, բայց քանի որ ԵՏՄ անդամ պետությունների տնտեսությունները տարբեր են, միևնույն մոտեցումը կիրառելը կարող է հանգեցնել շահերի բախման:
Նախարարը հայտնել է, որ ԵՏՄ անդամ երկրների համար քննարկվում են նաև ազգային արժույթով փոխհաշվարկներ կատարելու հնարավորությունները: Վահան Մարտիրոսյանն առաջարկել է, որպեսզի այս թեմայով ևս «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը վերլուծություն անի ու տեսակետ ներկայացնի դրա շահավետության վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում