Փրկված և ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող երեխաների մասին՝ մեկ հիվանդանոցի տվյալներով
«Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում տարեկան բուժօգնություն են ստանում ինտեսնիվ թերապիայի կարիք ունեցող 1000-ից ավելի նորածիններ և երեխաներ ոչ միայն մայրաքաղաքից, այլև Հայաստանի բոլոր մարզերից։
Երևանի պետական բժշկական համալսարանի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են. «Փոքրիկներին փրկելու և ապաքինելու աշխատանքն իրականացվում է շուրջօրյա արտագնա վերակենդանացման բրիգադների միջոցով, որոնք 2016 թվականին ստացել են 694 կանչ, դրանցից 470-ը՝ մարզերից: Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանի տեղեկացմամբ՝ 694 կանչից 196-ն իրականացվել է ձմեռային պայմաններում:
Ամենագնաց ռեանիմոբիլները նորածիններին փրկելու նպատակով ուղևորվում են հեռավոր մարզեր՝ հաղթահարելով դժվարամատչելի ու հաճախ՝ նաև անանցանելի ճանապարհներ:
Սյունիք, Գյումրի, Տավուշ կամ ցանկացած այլ հեռավոր վայր ուղևորվելիս՝ բժշկական թիմի գլխավոր նպատակն է օպերատիվ օգնություն ցուցաբերել կրիտիկական վիճակում հայտնված նորածիններին: Մասնագետի խոսքով՝ ժամանակին անհրաժեշտ բուժօգնություն ստանալու և մասնագիտացված բժշկական կենտրոն տեղափոխվելու շնորհիվ գրեթե 90 տոկոս դեպքերում հաջողվում է փրկել փոքրիկների կյանքը:
Օրական կլինիկան ստանում է միջինում 3 կանչ: 2015 թվականի համեմատ՝ նախորդ տարի կանչերի թիվն ավելացել է: 2017 թվականի առաջին ամսում վերակենդանացման բրիգադների ստացած 38 կանչից 29-ը եղել են մարզերից: 2016-ին բուժում ստացող երեխաների թիվը կլինիկայում հասել է 1043-ի»:
Լուսանկարները՝ համալսարանի ֆեյսբուքյան էջից։ Դրանք արվել են բուժանձնակազմի կողմից՝ Վանաձոր մեկնելու ճանապարհին։