ՔԿՎ-ն Սեֆիլյանի խցում խուզարկությունների մասին. Բացառապես օրենքի շրջանակում է
ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը տարածել է պարզաբանում Ժիրայր Սեֆիլյանի խցում խուզարկություններ անցկացնելու լուրերի և առգրավված իրերի վերադարձի պահանջի վարաբերյալ: ՔԿՎ պարզաբանման մեջ ասված է.
««Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն է տարածել Ժիրայր Սեֆիլյանի խցում իբր «աննախադեպ» խուզարկություններ անցկացնելու վերաբերյալ: Հայտարարության մեջ ակնկալվում է նաև, որ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը «օր առաջ կվերդարձնի Ժ. Սեֆիլյանից ապօրինաբար առգրավված իրերը»:
Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ հիշատակված պնդումներն իրականությանը չեն համապատասխանում, և Քրեակատարողական ծառայությունը գործում է բացառապես օրենքի շրջանակում :
Տեղեկացնենք, որ քրեակատարողական հիմնարկի ներքին կանոնակարգի համաձայն`աշխատակիցները արգելված իրեր հայտնաբերելու նպատակով իրավունք ունեն կատարել խուզարկություններ, ինչը և պարբերաբար արվում է:
Հավելենք նաև, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմն իրավասու է խուզարկության արդյունքում հայտնաբերված իրերը կասկած հարուցելու դեպքում ուսումնասիրության նպատակով առգրավել, որոնք արգելված իրերի հատկանիշներ չպարունակելու դեպքում վերադարձվում են»:
Ավելի ուշ հայտարարություն տարածեց նաև գլխավոր դատախազությունը, որտեղ ասված է.
«Ժիրայր Սեֆիլյանի կալանքի պայմանների խստացման վերաբերյալ 2017թ. փետրվարի 7-ի մամուլի հրապարակումների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ դրանցում նշված տեղեկատվությունն ուսումնասիրելու նպատակով նույն օրը ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ստուգայց է կատարվել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ:
Ստուգայցի ընթացքում պարզվել է, որ կալանավորված անձ Ժիրայր Սեֆիլյանը 2016թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ ընդունվելուց և նույն օրը բնակելի գոտու համապատասխան խուց տեղափոխվելուց հետո, այլ վայր չի տեղափոխվել և այնտեղ է պահվում մինչ օրս: Ժ. Սեֆիլյանի անձնական գործի ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում վերջինիս նկատմամբ օրենսդրությամբ սահմանած իրավական ներգործության միջոցներ չեն կիրառվել, մասնավորապես՝ նա կարգապահական տույժի չի ենթարկվել: Դատախազի հարցադրմանը Ժ.Սեֆիլյանը պատասխանել է, որ որևէ խնդիր կամ բողոք՝ կապված իր պահման պայմանների, այդ թվում՝ ՔԿՀ-ի վարչակազմի գործողությունների և խցի կենցաղային պայմանների հետ, չունի: Նշված ստուգայցի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն»: