Բելառուսում ՀՀ դեսպան. Ես ի՞նչ կարող էի անել
Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը դեսպանատան և անձամբ իր թերացումը չի տեսնում բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելը կանխել չկարողանալու հարցում:
«Ազատության» հետ հեռախոսազրույցում Խաչատրյանը, հակադարձելով, իր բնորոշմամբ, «նման խնդիրներում ոչ կոմպետենտ մարդկանց» մեղադրանքներին, մասնավորապես, ասաց՝ «Դեսպանատունը սույն պարագայում ոչինչ չէր կարող անել, բացի [Բելառուսի] արտգործնախարարությունում հարցը բարձրացնելուց և Երևանի պաշտոնական արձագանքը փոխանցելուց»:
Այս համատեքստում Բելառուսում Հայաստանի դեսպանը հետևյալ հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրում՝ անգամ Իսրայելի վարչապետն ու Ռուսաստանի արտգործնախարարը, չնայած գործադրած ջանքերին, չկարողացան կանխել իրենց երկրների քաղաքացի հանդիսացող լրագրողին Բաքվին հանձնելը, «մեր դեսպանատունն ի՞նչ կարող էր անել»: «Չեմ ուզում այժմ հեռախոսով շատ բաներ ասել, բայց այս երկիրը [Բելառուսը] դուք լավ ճանաչում եք»,- հավելեց դեսպանը:
Արմեն Խաչատրյանը նաև ասաց, որ թեև ինքը Բելառուսի պատկան կառույցներին ներկայացրել է Լապշինին Ադրբեջանին փոխանցելու հնարավոր հետևանքները՝ օրինակ բերելով տարիներ առաջ Հունգարիայում հայ սպայի դաժան սպանության փաստն ու հետագայում Ադրբեջանում մարդասպանի հերոսացումը, իրեն ոչինչ չեն պատասխանել:
Եվ այնուամենայնիվ, չնայած լապշինի հարցում Մինսկի դրսևորած վարքագծին, Խաչատրյանը ճիշտ չի համարում, իբրև դեմարշ, Բելառուսից Հայաստանի դեսպանի հետկանչն ու այլ նմանատիպ քայլերը:
«Մենք պետք է պահպանենք դիվանագիտական հարաբերությունները, որովհետև միջազգային մի շարք կառույցներում մենք իրար հետ ենք, պետք է փորձենք այս վիճակից դուրս գալու լավագույն ճանապարհը գտնել»,- «Ազատության» հետ զրույցում, ասել է Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
- Լապշինի էպոպեան և Ռուսաստանի պարտությունը
- ՓՊ. Լապշինի արտահանձնումն իրականացվել է շրջանցելով ներպետական և միջազգային իրավական կարգավորումները
- Մենք պետք է Ադրբեջանի ջաղացին ջուր չլցնենք. Էդվարդ Նալբադյանը՝ Լապշինի արտահանձման մասին
- ՌԴ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ իրավական քայլերը Լապշինի պաշտպանության նպատակով. Պեսկով
- Ակցիա դեսպանատան դիմաց. Սառեցնել հարաբերությունները Բելառուսի հետ
- Ժիրինովսկի. Հզոր Բելառուսը ռուս Լապշինին հանձնեց Բաքվին՝ հոշոտվելու
- Բելառուսի ՆԳՆ. Լապշինը հավելյալ պաշտպանություն չի խնդրել
- Կարեն Բեքարյան. Ադրբեջանի նպատակը Լապշինը չէ
- Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին կեղտոտ գործարք է. Էդուարդ Շարմազանով
- Արցախի ՄԻՊ. Լապշինի գործը դառնալու է հակադարձ նախադեպ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան