«Երևանի ոսկերչական գործարան»-ի տնօրենը աշխատանքից ազատվելու դիմում է գրել
«Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի 80% պետական սեփականություն հադիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները Էկոնոմիկայի նախարարությունից 2015թ. փոխանցվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
Պետական գույքի կառավարման վարչության կողմից իրականացվող ֆինանսատնտեսական մոնիտորինգի տվյալներով՝ ընկերության վերջին տարիների արդյունքը բացասական է, ինչից ելնելով, Երևանի ոսկերչական գործարանի գլխավոր տնօրեն Գագիկ Կաֆյանը դիմում է ներկայացրել՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ: Հայտնում են պետական գույքի կառավարման վարչությունից:
Հիշեցնենք, որ հունվարի 30-ին վարչապետը վարչության պետ Արման Սահակյանին հանձնարարել էր. «Մենք մեր գործընկերների հետ մարզերում, համայնքներում, բիզնեսում կառավարչական մակարդակի սարսափելի մեծ պրոբլեմներ ունենք: Դա անընդունելի է: Իսկ էն «յառի» պետական կառավարիչները, որոնք տարեցտարի մեզ ֆռռացնում են, Արման, էս ամսվա մեջ սաղի ողնաշարը կջարդես»:
Ավելի վաղ վարչությունից հայտնել էին, որ իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման 32 մարմինների 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ և վերլուծություն՝ կիսամյակային և տարեկան կտրվածքով:
Հարակից հրապարակումներ`
- Արման Սահակյանը սկսել է դիտարկել 210 ընկերությունների ֆինանսատնտեսական վիճակը
- Վարչապետ. Ո´չ տնօրեն ենք հանում, ո´չ էլ որոշակի քայլեր կատարում