Մխիթարյան. «Չեմ հասկանում նրանց, ովքեր ինձ մեղադրում են ագահության մեջ»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ ֆինանսական հարցը դեր չի խաղացել` Դորտմունդի «Բորուսիայից» անգլիական ակումբ տեղափոխվելու ժամանակ: Այս մասին տեղեկացնում է sport.de-ն:
«Չեմ հասկանում նրանց, ովքեր ինձ մեղադրում են ագահության մեջ: Դա սխալ է: Եթե խոսքը գնար միայն գումարի մասին, ես «Շախտյորից» կտեղափոխվեի «Անժի» և ոչ թե «Բորուսիա»: Բայց ես դա չէի ուզում»,- ասել է Մխիթարյանը:
Պատասխանելով գերմանական թիմի տնօրենների խորհրդի նախագահ Հանս-Իոահիմ Վատցկեի քննադատությանը, ով հայտարարել էր, թե հիասթափված է Հենրիխից, քանզի վերջինս Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչի՝ «Բավարիայի» հետ խաղում հրաժարվել էր իրացնել 11 մետրանոցը, հայ ֆուտբոլիստը նշել է, որ չի կարելի ֆուտբոլիստի հասցեին վատ արտահայտվել` ելնելով միայն մեկ խաղից:
«Հավանաբար նա մոռացել է, թե ինչ եմ արել մինչ այդ` ամբողջ մրցաշրջանի ընթացքում։ Պետք է իրացնեի, սակայն կար մարզիչ և դաշտում գտնվող 11 ֆուտբոլիստներ, և մենք որոշեցինք, թե ովքեր պետք է իրացնեն 11 մետրանոցները»,- ասել է Մխիթարյանը: