Բոատենգ. «Մանդելան ուզում էր, որ ես ամուսնանամ իր դստեր հետ»
«Միլանի» նախկին ֆուտբոլիստ Քևին-Պրինս Բոատենգը հիշել է Նելսոն Մանդելայի հետ հանդիպման մասին։ Գանացի կիսապաշտպանը հիշել է դրվագը, որը կատարվել է ՀԱՀ-ում կայացած աշխարհի առաջնության ընթացքում։ Այդ ժամանակ ֆուտբոլիստը հանդիպել է Հարավաֆրիկյան Հանրապետության ղեկավար Նելսոն Մանդելայի հետ։
«3 մարդ կար, որոնց հետ զանկանում էի հանդիպել՝ Մայքլ Ջեքսոնը, Մոհամեդ Ալին ու Նելսոն Մանդելան,- Բոատենգի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։- Նրանցից միայն մեկի հետ հանդիպեցի, որը դժվար է բնութագրել։ Մանդելան 27 տարի բանտում է անցկացրել միայն այն բանի համար, որ կանգնել է մարդկանց իրավունքների պաշտպանության դիրքերում։ Բայց նստել էր այստեղ ու ոչ մի չարություն չուներ։ Նա պետք է զայրացած լիներ ողջ աշխարհի վրա, սակայն զայրացած չէր։ Հանգիստ էր ու ողջունում էր բոլորին։ Ես հանգստություն էի զգում։ Ամեն ինչ այնպես էր, ինչպես ֆիլմում։ Կարծես կողքիս հրեշտակ նստած լիներ։
Մտանք սենյակ։ Նա սեղմեց իմ ձեռքը և ասաց. «Իմ աղջիկն ուզում է ամուսնանալ քեզ հետ»։ Ես ասացի. «Ներեցեք, բայց ես արդեն ընկերուհի ունեմ»։ Նա պատասխանեց. «Ոչ, ոչ, բայց ես ավելի գեղեցիկներն ունեմ»։ Բոլորը ծիծաղեցին։ Ափսոս, որ մենք չկարողացանք լուսանկարվել, որովհետև լուսանկարչական ապարատի լույսը վնասակար էր նրա աչքերին»։