Ցանկացած կառույց՝ թատրոն, դպրոց, պետք է ունենա պրոֆեսիոնալ ղեկավար. Կարեն Դուրգարյան
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնից հեռանալուց հետո, մեկ տավա ընթացքում 120 ներկայացում և համերգ եմ ղեկավարել,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թատրոնի նախկին դիրիժոր Կարեն Դուրգարյանը:
Լրագրողների հարցին, թե մշակույթի նոր նախարարի օրոք թատրոնում կվերականգնվի գլխավոր դիրիժորի հաստիքը, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել, քանի որ նման հարցերով զբաղվում է թատրոնի ղեկավարությունն ու նախարարությունը։ Առաջին անգամ, ութ տարի առաջ, երբ ասվեց, որ գեղարվեստական ղեկավարի կարիք չկա, ես հարցազրույցներից մեկում ասացի, որ դրական եմ նայում գեղարվեստական ղեկավար չլինելու, եթե նպատակ կա թատրոնները քանդել։ Գեղարվեստական ղեկավարը նա է, ով զբաղվում է թատրոնների քաղաքականությամբ, որոշում մոտակա տասը տարիների ընթացքը, իսկ այդ տարիների ընթացքում հանդիսատեսը, քննադատ պրոֆեսիոնալն իր գնահատականը պետք է տա։ Ցանկացած կառույց՝ թատրոն, դպրոց, պետք է ունենա պրոֆեսիոնալ ղեկավար, ով գիտի ներսից, դրսից ինչ է այդ կառույցն ու ինչի համար է ծառայում»։
Ինչ վերաբերում է տնօրենի պարտականությունները ժամանակավորապես ստանձնած, թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի աշխատելաոճին, Դուրգարյանն ասաց, որ նա իր ավագ կոլեգան է և գնահատական տալու իրավունք չունի. «Աշխարհում կան թատրոններ, որտեղ գեղարվեստական ղեկավարը պայմանագրով ունի ներկայացումների թիվ, եթե նա իր պրոֆեսիոնալ մակարդակը ապահովում է, նա նույնպես իրավունք ունի բացակայելու, քանի որ գտնվում է շրջագայության մեջ՝ ի վերջո պրապագանդելով իր թատրոնը, որտեղ նա ֆունդամենտալ աշխատում է։ Մենք չպետք է կառչենք մարդուց, այլ թիմային աշխատանքին պետք է նայել»։
Իսկ, թե որպես պրոֆեսիոնալ ում է տեսնում տնօրենի պաշտոնում, նա ասաց, որ նման հարցին կարող է պատասխանել միայն այն մարդն, ով ղեկավարում է կառույցը. «Ես կարծիք հայտնող չեմ, ես ինքս իմ մեջ կարող եմ ցանկացած մարդու տեսնել, որը ճիշտ ուղի չէ, բայց ղեկավար մարդը նա պետք է տեսնի։ Ամբողջ աշխարհում Օպերայի թատրոնը կամ ֆիլհարմոնիկ նվագախումբը ղեկավարում է պրոֆեսիոնալ մարդ, որն ունի սուպեր գիտելիք կոնկրետ բնագավառում, ունի սուպեր կապեր աշխարհի հետ, որովհետև ամբողջ աշխարհի գեղարվեստական ղեկավարներն իրար հետ կապված են»։
Կարեն Դուրգարյանը գնահատական չտվեց նաև մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը ճիշտ թեկնածու լինել-չլինելու հարցին։
Հիշեցնենք, որ թատրոնի նախկին տնօրեն Անդրանիկ Արզումանյանը նշանակվել է մշակույթի նախարարի խորհրդական:
Դուրգարյանը տեղեկացրեց նաև, որ Համահայկական երաժշտախմբում ընդգրկվելու առաջարկ չի ստացել, նման դիմում լինի՝ կքննարկի, օպերայի ղեկավարությունից էլ նախկին գործին վերադառնալու առաջարկ չի ստացել։
Հարակից հրապարակումներ`
- Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենն ազատվել է պաշտոնից
- Կարեն Դուրգարյանը չի հեռացվել աշխատանքից. Շահինյան
- Կարեն Դուրգարյան. Ես եկել եմ պաշտպանելու գլխավոր դիրիժորի հաստիքը
- Կարեն Դուրգարյանը հրաժարվել է օպերայի և բալետի թատրոնում աշխատել որպես դիրիժոր
- Կարեն Դուրգարյանն այլևս օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժորը չէ