79-ամյա Ջեք Նիքոլսոնը կինո կվերադառնա 7 տարվա ընդմիջումից հետո
Ջեք Նիքոլսոնը խաղալու է «Օսկար»-ի անվանակարգված «Թոնի Էրդման» ֆիլմի անգլալեզու ռեմեյքում: Դերասանն առաջին անգամ կինոյում կհայտնվի յոթնամյա ընդմիջումից հետո:
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ՝ կինոնկարում նաև նկարահանվելու է ամերիկացի դերասանուհի Քրիսթեն Ուիգը, որը հայտնի է «Մարսիացին», «Նա» և «Ուոլթեր Միթի անհավանական կյանքը» ֆիլմերից:
Հունվարին գերմանուհի Մարեն Ադեի «Թոնի Էրդման» ֆիլմի օրիգինալ ժապավենը «Օսկար» մրցանակի է անվանակարգվել «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» կատեգորիայում: 2016 թվականի կինոնկարը նաև դարձել է ֆրանսիական «Սեզար» կինոմրցանակի անվանակարգորդ:
Նոր նախագծում Ադեն հանդես կգա որպես գործադիր պրոդյուսեր: Ավելի վաղ հունվարին արտիստ Փիթեր Ֆոնդան հայտնել էր Նիքոլսոնի՝ կենսաթոշակի անցնելու մասին: Նա ընդգծել Էր, թե չգիտի դերասանի այդ որոշման պատճառը:
Նիկոլսոնի մասնակցությամբ էկրաններին հայտնված վերջին ֆիլմն այսօրվա դրությամբ «Ինչ իմանաս…» կատակերգությունն է, որն էկրան է բարձրացել 2010 թվականի դեկտեմբերին:
79-ամյա Ջեք Նիքոլսոնը ամերիկացի դերասան է և ռեժիսոր: Նա «Օսկարի» է անվանակարգվել 12 անգամ և այդ պարգևն ստացել է եռակի: Իր 60-ամյա կարիերայի ընթացքում Նիքոլսոնը խաղացել է այնպիսի ժապավեններում, ինչպիսիք են՝ «Ուրացողները», «Ավելի լավ չի լինում», «Գայլը», «Բեթմեն», «Թռչելով կկվի բնի վրայով» և «Չինական թաղամաս» ֆիլմերը, ինչպես նաև Սթենլի Քուբրիքի «Ճաճանչ» կինոնկարում: