Օլիմպիական չեմպիոնը մինչև աշխարհի առաջնության մեկնելը չի համբուրի հարսնացուին
Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն, նորվեգ բիաթլոնիստ Էմիլ Հեգլե Սվենդսենը հայտարարել է, որ արդեն 2 ամիս է չի համբուրել իր հարսնացուին, որպեսզի խուսափի հիվանդություններից և փետրվարի 9-19-ը կայանալիք մարզաձևի աշխարհի առաջնությանը ներկայանա լիարժեք առողջ: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:
«Մենք չենք համբուրվել դեկտեմբերից ամսից սկսած: Ամեն ինչ անում եմ` չհիվանդանալու համար: Այդ մասին հեշտ է մոռանալ, խոսքը մի քանի ամսվա մասին է: Գրպանումս միշտ պահում եմ հակաբորբոքային դեղամիջոցներ, քանի որ ինձ համար գլխավորն առողջ լինելն է»,- ասել է մարզիկը:
Սվենդսենի հարսնացուն` Սամանտա Սկուգրանդն ընդգծել է, որ նախաձեռնության հեղինակն ինքն է հանդիսանում:
«Հազվադեպ եմ հիվանդանում, բայց, միևնույն ժամանակ, հասկանում եմ, որ կարող եմ հետս մանրէներ բերել տուն, իսկ մարզիկները շատ խոցելի են: Էմիլը վերջին տարիներին շատ է հիվանդացել, իսկ ես չեմ ուզում նոր հիվանդությունների պատճառ դառնալ»,- պատմել է Սամանտան: