Ռոստոմյան. «Տարաբնույթ կարատեների ֆեդերացիաների աշխատանքը հնարավոր չէ վերահսկել»
Նախարար Հրաչյա Ռոստոմյանը ներկաներին տեղեկացրել է, որ նախարարության կողմից մշակվել և այժմ համաձայնեցման վերջնական փուլում է գտնվում մարզաձևերի, այդ թվում նաև արևելյան մարտարվեստների, ֆեդերացիաների գործունեությունը կանոնակարգող համապատասխան օրենքի նախագիծը:
«Այս ոլորտը վաղուց կանոնակարգման կարիք ունի, ինչն ի վերջո հնարավոր կլինի իրականացնել այդ օրենքի շնորհիվ: Այսօր մեր երկրում գործում են 200-ից ավելի տարաբնույթ անվանումներով կարատեների ֆեդերացիաներ, որոնց աշխատանքը հնարավոր չէ վերահսկել: Իսկ սա աղետալի երևույթ է, քանի որ պարզ չէ՝ ում մոտ ինչ ուսումնամարզական ծրագրով և ինչ պայմաններում են մարզվում մեր երեխաները: Երևույթին տալու ենք համակարգային և հստակ լուծում»,- ասել է նախարարը:
Մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչները նույնպես համակարծիք են եղել, որ ոլորտի կանոնակարգման անհրաժեշտություն կա, քանի որ համատեղ և միասնական չափորոշիչներով աշխատելու դեպքում հայ մարզիկների մասնակցությունը միջազգային մրցաշարերին և առաջնություններին նույնպես կանոնակարգված կլինի:
«Արևելյան մարտարվեստները, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում մեծ մասսայականություն են վայելում: Կանոնակարգելով ոլորտը՝ մենք կկարողանանք լուծել մի քանի խնդիր, նախ՝ առողջ ապրելակերպի տարածում և սպորտի մասսայականացում և, իհարկե, մարզական բարձր արդյունքների նվաճում»,- Ռոստոմյանի խոսքերն է մեջբերում Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Նախարարը առաջարկել է ներկաներին երկու շաբաթվա ընթացքում մշակել և ներկայացնել արևելյան մարտարվեստների խորհուրդների ստեղծման վերաբերյալ առաջարկություն՝ նշելով խորհրդի կազմը, կանոնակարգը, Հայաստանի առաջնությունների անցկացման կարգը, մասնակիցների տարիքային խմբերը, անդամ ֆեդերացիաները, ակումբները և մյուս անդամ կազմակերպությունները:
«Կարևորը կոնտակտային և ոչ կանտակտային կարատեների համար տարբերակված կազմակերպություններ ունենալն է, որոնք համակարգելու են կոնտակտային և ոչ կոնտակտային կարատեների գործունեությունը: Միայն այդ կազմակերպությունների հետ է համագործակցելու և դրանց է աջակցելու նախարարությունը»,- եզրափակել է նախարարը: