Կոնվերս Բանկը սկսել է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գործառույթների իրականացումը
Կոնվերս Բանկը փետրվարի 8-ից սկսել է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության մի շարք գործառույթների իրականացումը:
Բանկի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության և Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հետ համագործակցության շրջանակում, Բանկի «Կիլիկիա» և «Նոր Նորք» մասնաճյուղերում իրականացվում են անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և այլ առևտրային կազմակերպությունների պետական գրանցման հետ կապված գործառույթներ, ինչպես նաև մատուցվում են մի շարք այլ ծառայություններ:
«Կոնվերս Բանկը կարևորում է տվյալ ոլորտում ծառայությունների մատուցումը և առաջիկայում նախատեսում է փուլ առ փուլ ընդլայնել գործընթացում ներգրավված մասնաճյուղերի ցանկը, ինչպես նաև իրականացնել այլ պետական մարմինների գործառույթներ»,- ասել են Բանկում:
Միաժամանակ Բանկում նշեցին, որ հաճախորդները կարող են պետական հաշվառմանը/պետական գրանցմանը զուգահեռ Կոնվերս Բանկում բացել բանկային հաշիվ և օգտվել նաև Բանկի այլ ծառայություններից:
«Այսպիսով՝ մեր Բանկը հնարավորություն է ընձեռում տնտեսավարող սուբյեկտներին մեկ միասնական սպասարկման վայրում օգտվելու բոլոր անհրաժեշտ ծառայություններից, ինչպես նաև պարբերաբար Մեր հաճախորդների համար իրականացվող ակցիաների առավելություններից»,- եզրափակել են Կոնվերս Բանկում: