Բրիտանական պառլամենտը հաստատել է Brexit-ի մասին օրենքը երրորդ ընթերցմամբ
Մեծ Բրիտանիայի պառլամենտի համայնքների պալատը փետրվարի 8-ին երրորդ ընթերցմամբ հաստատել է ԵՄ-ի կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու մասին օրենքը: Այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն:
Փաստաթղթի ընդունման օգտին քվեարկել է 494, դեմ՝ 122 պատգամավոր: Օրենքը փոխանցվել է պառլամենտի վերին՝ Լորդերի պալատին, որն էլ շուտով կսկսի օրենքի քննարկումը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի գլխավորած պահպանողական կուսակցությունը հույս ունի, որ Եվրամիության կազմից դուրս գալու մասին օրենքը կհաստատվի մինչև մարտի 7-ը, որպեսզի կառավարության ղեկավարը կարողանա մինչև մարտի վերջ դիմում ներկայացնել Բրյուսել՝ Եվրամիության կազմից դուրս գալու վերաբերյալ: Միայն դրանից հետո կարող են սկսվել պաշտոնական բանակցությունները Brexit-ի վերաբերյալ:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը հաստատել էր, որ Թագավորությունը չի կարող դուրս գալ Եվրամիության կազմից՝ առանց Պառլամենտի համապատասխան որոշման: Համաձայն նույն դատարանի որոշման՝ Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի պառլամենտները զրկված են Brexit-ի գործընթացն արգելակող որոշում կայացնելու իրավունքից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան