Իշխան Զաքարյանը ներկայացրել է ՎՊ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին է ներկայացրել պաշտոնից հրաժարականի մասին դիմում: Ազգային ժողովում նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Նշենք, որ 2007 թ. նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի որոշմամբ Ի. Զաքարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ: 2013 թ. նոյեմբերի 12-ին Ազգային ժողովի որոշմամբ վերանշանակվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, պետք է մշակել քաղաքակիրթ ավանդույթ, շնորհակալություն հայտնել այն պաշտոնյաներին, մարդկանց, ում ընտրում է ԱԺ-ն՝ երկար տարիների համագործակցության, համատեղ աշխատանքի համար:
Հերմինե Նաղդալյանը նախ շնորհակալություն հայտնեց տիկին Զոհրաբյանին՝ քաղաքակիրթ մշակույթ ձևավորելու առաջարկի համար, ապա հավելեց. «Կարծում եմ, որ մենք նախ և առաջ պետք է ունենանք քաղաքակիրթ մշակույթ հարգելու մեր իսկ օրենքներ»:
Նա տեղեկացրեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, ԱԺ կողմից ընտրված կամ նշանակված յուրաքանչյուր պաշտոնատար անձ իր հրաժարականի մասին գրավոր դիմում ներկայացնելուց հետո եռօրյա ժամկետում կարող է հետ վերցնել, և այդ դիմումն այլևս ընդունված չի լինի: Իսկ Վերահսկիչ պալատի մասին օրենքով այդ ժամկետը 15 օր է:
«Եկեք առաջ չընկնենք ժամանակից և մեր պաշտոնատար անձանց տանք հնարավորություն, որը սահմանված է օրենքով: Սպասենք, երբ որ իրավական բոլոր մեխանիզմները գործած կլինեն, նոր կհայտարարենք, որ դիմումը համարվում է ընդունված»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Ո՞ւր է Իշխան Զաքարյանը. Արամ Մանուկյան
- Իշխան Զաքարյանը արձակուրդում է
- Իշխան Զաքարյանը՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ստեղծվելիք դաշինքի նախընտրական շտաբի պետ