Վարչապետի նոր հանձնարարականը նախարարներին
Պետական գույքի կառավարման վարչությունը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի հիման վրա կառավարությանն է ներկայացրել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների 2013, 2014, 2015 թվականների և 2016-ի առաջին կիսամյակի տվյալների վրա իրականացված ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներն ու վերլուծության արդյունքները: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Կարապետյանը՝ հավելելով, որ արդյունքում առանձնացվել են նշված ժամանակահատվածում վնաս ձևավորած, ինչպես նաև գործունեություն չծավալած և շահույթ չձևավորած ընկերությունների ցանկերը:
Կարեն Կարապետյանը նշեց, որ միաժամանակ կատարվել է վերլուծություն բոլոր այն պետական առևտրային կազմակերպությունների համար, որոնք նշված ժամանակահատվածում ձևավորել են համեմատաբար փոքր շահույթ՝ հիմքում ընդունելով ակտիվների շահութաբերության գործակցի մեծությունը:
«Այս տեղեկանքը մենք բոլորին կուղարկենք: Հանձնարարվում է հանրապետական գործադիր մարմիններին քսանօրյա ժամկետում իրենց դիրքորոշումը ներկայացնել ցանկում ընդգրկված ընկերությունների գործունեության և այդ կազմակերպությունների հետագա գործունեությունը շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ»,- հայտնեց վարչապետը: