Վարչապետը կարևորում է լիազորված տնտեսական օպերատորի գործարկումը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի այսօրվա նիստում Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարեց Ֆինանսների, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների հետ մեկամսյա ժամկետում վեր հանել ու վերացնել իրավաբանական անձանց լիազորված կարգավիճակ շնորհելու գործընթացում առկա խոչընդոտները, այդ թվում՝ օրենսդրական:
Նա նաև նշեց, որ երկու ամսից պետք է զեկուցել, թե քանի լիազորված տնտեսական օպերատոր է հաշվառվել, ինչպես նաև պետք է իրականացնել հանրության ակտիվ իրազեկում:
«Լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի գործարկումը բիզնեսի արտաքին տնտեսական գործունեության բարձրացման կարևորագույն գործիք կարող է հանդիսանալ: Այն թույլ է տալիս աշխատել պարզեցված մաքսային ընթակարգերով, վճարումների կատարման առումով ստանալ բարենպաստ պայմաններ, մաքսային հսկողության ենթարկվել նախընտրած վայրում և այլ հատուկ պարզեցված ընթակարգեր»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը նշեց, որ չնայած 2016 թվականին ստեղծվել է օպերատորի գործունեության իրավական հենքը, սակայն մինչ այժմ որևէ լիազորված տնտեսական օպերատոր չի հաշվառվել: Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ այդ գործիքը պետք է ակտիվացնել: