Կուրտուա. «Եվրագավաթների բացակայությունն առավելություն չէ»
«Չելսիի» դարպասապահ Թիբո Կուրտուան համաձայն չէ նրանց հետ, ովքեր պնդում են, որ «Չելսին» առավելություն ունի մրցակիցների նկատմամբ, քանի որ այս տարի չի մասնակցում եվրագավաթային որևէ մրցաշարի։
Անցած մրցաշրջանում «Չելսին» զբաղեցրեց Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը, որի պատճառով հանդես չի գալիս եվրագավաթային մրցաշարում։ Բայց ընթացիկ մրցաշրջանում «կապույտները» 24 խաղից հետո գլխավորում են մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդողին՝ «Տոտենհեմին» գերազանցելով 9 միավորով։ Ընդ որում՝ լավագույն քառյակի մյուս թիմերը՝ «Տոտենհեմը», «Մանչեսթեր Սիթին» ու «Արսենալը», ստիպված են խաղալ եվրագավաթային մրցաշարում։
«Ֆուտբոլիստներին հանգիստ պետք չէ։ Բոլորն են ուզում խաղալ եվրագավաթներում։ Եթե դու յուրաքանչյուր 3-4 օրը մեկ խաղ ունես, երբեմն ավելի լավ ես խաղում, չնայած մրցաշրջանի վերջում դա անդրադառնում է քեզ վրա։
Այն տարի, երբ չեմպիոն դարձանք, մասնակցում էինք եվրագավաթային մրցաշարի։ Այնպես որ, չեմ կարծում, որ տարբերությունն այդքան մեծ է»,- Կուրտուայի խոսքերը մեջբերել է football.ua-ն։
Կիրակի «արիստոկրատները» կխաղան «Բարնլիի» հետ։