«Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը. հայ որբերի հուշերը»
Այսօր՝ Վահան Տերյանի ծննդյան օրը, տեղի ունեցավ Գևորգ Էմին-Տերյանի «Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը. հայ որբերի հուշերը» գրքի շնորհանդեսը:
«1915 թվականի դեկտեմբերին Վահան Տերյանն այցելել է Երևան և Ցարսկայա փողոցում (ներկայումս՝ Բյուզանդի փողոց, շենքը չի պահպանվել) գտնվող որբանոցի սաներին հանձնարարել նկարագրել Հայոց ցեղասպանությունը: 8-15 տարեկան երեխաներն իրենց մանկական բառապաշարով պատմում են այն ամենը, ինչ կատարվել է: Սակայն 100 տարի այս փաստաթղթերը գաղտնի են պահվել»,- գրքի շնորհանդեսին ասաց Գևորգ Էմին-Տերյանը:
Այս շարադրությունները պահվել են «ուսանողական տետրակ» անունով: Գրքի հեղինակի կարծիքով, այսպիսի անվանում տալով այս կարևոր փաստաթղթերին, մի բարի մարդ այդպես փրկել է դրանք:
«Դրանք Հայոց ցեղասպանության մասին հուզիչ վկայագրեր են: Որպես վավերագրություն, պատմական փաստ հսկայական նշանակություն ունեն, նորություններ կան պատմության նրբերանգների վերաբերյալ, բազմաթիվ ճշգրտություներ»,- ասաց նա:
Գրքում ներկայացված է 24 երեխայի գրած 34 տեքստ. «Ինչպես եղել են, այդպես տպվել են՝ տառասխալներով, ջնջումներով»:
Գևորգ Էմին-Տերյանի խոսքով, բացի նրանից, որ երեխաների ձեռագրերը բացառիկ փաստաթղթեր են, որոնք պատմագիտական շատ կարևոր նյութ են պարունակում, նրանք հսկայական ազդեցություն են թողել Վահան Տերյանի հետագա կյանքի և ստեղծագործության վրա:
«1915 թվականից Տերյանի կյանքը, պոեզիան կտրուկ փոխվում է: Այս ամենը շատ կարևոր են նրա պոեզիան հասկանալու համար»,- ասաց նա:
1885 թվականի փետրվարի 9-ին Ջավախքի Ախալքալաքի գավառի Գանձա գյուղի քահանա Սուքիաս Տեր-Գրիգորյանի բազմանդամ ընտանիքում ծնվում է 11-րդ զավակ Վահանը Տերյանը: 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Վահան Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։
Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետև ընդունվում Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը: Դեկտեմբերի 3-ի ուշ գիշերին խուզարկում են Վահանի համեստ բնակարանը: Նրա մոտ գիշերում էր Օնիկ Օհանջանյանը: Թեև ոչինչ չեն գտնում, բայց երկուսին էլ ձերբակալում են: Դեկտեմբերի 13-ին Վահանին ազատում են, ընկերը մնում է բանտում` «իբրև քաղաքականապես վնասակար անձնավորություն», որին դատ է սպասվում:
1906 թվականին նա գրում է «Էստոնական երգ», «Աշնան երգ», «Սիրտս ցավում է անցած գնացած օրերիս համար», «Աշնան մեղեդի», «Հրաշք աղջկան», «Ցանկություն» և այլ բանաստեղծություններ: «Մուրճ» ամսագրի 7, 9, 11-12 համարներում տպագրվում է Վահան Տեր-Գրիգորյանի «Էլեգիա», «Էստոնական երգ», «Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում», «Աշնան երգ» բանաստեղծությունները:
1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։
1917թ. հոկտեմբերին Վահան Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։
1919 թ. Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920թ հունվարի 7-ին։