Վիկտոր Չանովը մահացել է
Փետրվարի 8-ին 57 տարեկան հասակում մահացել է Կիևի «Դինամոյի» և ԽՍՀՄ հավաքականի նախկին դարպասապահ Վիկտոր Չանովը։ Այս մասին տեղեկացնում է football.ua-ն։
2017 թ. հունվարի 20-ին Չանովի վրա հարձակում են գործել Կիևի արվարձաններից մեկում։ Անծանոթները կանգնեցրել են նրա ավտոմեքենան ու բազմաթիվ վնասվածքներ հասցրել Չանովին։ Վերջինս նաև գլխուղեղի վնասվածք է ստացել։ Հաջորդ օրը Չանովը բարդ վիրահատության է ենթարկվել...
Ֆուտբոլիստը կարիերան սկսել է Դոնեցկի «Շախտյորում»՝ այդ թիմի մարզական պատիվը պաշտպանելով 1978-1981 թթ. և անցկացնելով 62 խաղ։ Այնուհետև նա տեղափոխվել է «Դինամո», որի կազմում անցկացրել է 202 խաղ՝ հանդես գալով 1982-1990 թթ.։ Դարպասապահը խաղացել է նաև Հայֆայի «Մակկաբիում» և Թել Ավիվի «Բնեյ Յեգուդայում»։
ԽՍՀՄ հավաքականի կազմում Չանովն անցկացրել է 21 խաղ, բաց թողել 8 գնդակ։ Մրցակիցներն առաջին անգամ նրա դարպասը գրավել են այն պահից 7,5 տարի հետո, երբ նա իր նորամուտը նշեց հավաքականում։ Դա թվով 17-րդ խաղն էր։
ԽՍՀՄ հավաքականի հայտացուցակում է եղել աշխարհի 3՝ 1982, 1986 և 1990 թթ. առաջնություններում, սակայն մասնակցել է միայն 1 խաղի՝ ընդդեմ Կանադայի ընտրանու, 1986 թ.։