Հաղթողը որոշվեց ծանրամարտի նոր կանոնի համաձայն
Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում ավարտվել է ծանրամարտի Հայաստանի պատանիների առաջնության մեկնարկային օրը: 56 կգ քաշային կարգի տղաների պայքարն անցկացվել է երկու խմբով՝ B և A: Հաղթող է դարձել Խաչիկ Հարությունյանը՝ երկամարտի 205 կգ արդյունքով: Երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրել են Մարտին Քոչարյանը՝ 178 կգ և Վահան Աղամալյանը՝ 176 կգ:
50 կգ քաշային կարգում մրցանակային տեղերի համար պայքարն ընթացել է Արեն Չատինյանի, Մոնթե Մխիթարյանի և Արա Պողոսյանի միջև: Երկամարտի 162 կիլոգրամով հաղթել է Արեն Չատինյանը: Նրա երկու մրցակիցները ցույց են տվել հավասար արդյունք՝ 161 կիլոգրամ:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նոր կարգի համաձայն` երկրորդ մրցանակային տեղը շնորհվել է Մոնթե Մխիթարյանին, քանի որ առաջինն այդ նշագծին նա էր հասել: Նոր կարգով` հավասար արդյունք ցույց տալու դեպքում հաղթում է այն մարզիկը, որն առաջինն է բարձրացրել տվյալ քաշը: