Սարկիսով. «Մխիթարյանը մեր աստղն է և մեր հպարտությունը»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի 30-ամյա հարձակվող Արթուր Սարկիսովը, ով վերջերս է տեղափոխվել Կրասնոյարսկի «Ենիսեյ», հայտարարել է, որ աստիճանաբար հարմարվում է նոր թիմին և ամեն ինչ ընթանում է նախատեսվածի համաձայն: Այս մասին տեղեկացնում է onedivision.ru-ն:
«Ինչպես ասում են, ամեն ինչ ընթանում է նախատեսվածի համաձայն, ոչ մի խնդիր չկա: «Ենիսեյի» ներկայացուցիչները հետաքրքրված էին իմ ծառայություններով ու, թեև այլ ակումբներից ևս ունեի առաջարկներ, բայց ընտրությունս կանգ առավ այս ակումբի վրա: Ցանկությունս մեծ է օգնել թիմին` իր առջև դրված խնդիրները լուծելու հարցում: Ինձ համար շատ կարևոր է, որ այն թիմը, որտեղ հանդես եմ գալիս, շատ գոլեր խփի ու հաղթի: Մի անգամ նույնիսկ ասել եմ, որ համաձայն կլինեմ, եթե գոլի հեղինակ դառնա, օրինակ, դարպասապահը և մենք հաղթենք»,- ասել է Սարկիսովը:
Անդրադառնալով Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ այն հարցին, թե ի՞նչ հատկանիշների շնորհիվ է հայ ֆուտբոլիստը կարողանում հանդես գալ այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Բորուսիան» և «Մանչեսթեր Յունայթեդը», Սարկիսովը պատասխանել է.
«Հենրիխը մեր աստղն է և մեր հպարտությունը: Նա պրոֆեսիոնալ է և շատ տաղանդավոր: Կարող է ասածս տրամաբանական հնչել, սակայն Մխիթարյանն իսկապես շատ է աշխատում իր և իր խաղի որակը բարելավելու վրա: Վստահաբար կարող եմ ասել, որ Հենրիխն ամենաուժեղ ֆուտբոլիստն է, ում հետ խաղացել եմ»:
Մինչ ֆուտբոլիստ դառնալը Սարկիսովը զբաղվել է թեթև աթլետիկայով և համեմատել է այս երկու մարզաձևերը` միաժամանակ նշելով, թե ինչու է կիսատ թողել առաջինը:
«Ցանկացած պրոֆեսիոնալ սպորտ մեծ աշխատանք է պահանջում: Պետք չէ մոռանալ, որ մարզիկները զոհում են իրենց առողջությունը: Թեթև աթլետիկայում աշխատանքը շատ մոնոտոն է, ամեն օր կատարում ես նույն վարժությունները: Ֆուտբոլում այդ առումով հեշտ է, քանի որ այն, առաջին հերթին, խաղ է: Իմ կարծիքով` երեխային ավելի հետաքրքիր է զբաղվել ֆուտբոլով, բայց, կրկնում եմ, երկու մարզաձևերն էլ ունեն բարդության իրենց աստիճանը»,- նշել է Սարկիսովը: