Մուկուչյան. Մոռանում ենք ռեյտինգայինը, դրանք ընդամենը տարածքային ցուցակներ են
Այս պահի դրությամբ որևէ կուսակցության կամ դաշինքի կողմից առաջադրման փաստաթղթեր ներկայացված չեն: Այս մասին այսօր «Ընտրական վարչարարության մարմինների կարողությունների ամրապնդում՝ ընտրական վեճերի լուծման գործընթացների բարելավման նպատակով» աշխատաժողովից առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ինչ կարող է ասել ընտրական գործընթացի մասին, քանի որ շատերը նշում են, որ բարդացված է ու հասարակ ընտրողին անհասկանալի. «Կարծում եմ ձևակերպման նման մոտեցումը չափազանցված է: Կան որոշակի ընթացակարգեր որոնք նոր են, կապված հատկապես քվեակարգի հետ, այսինքն ինչպիսին պետք է լինի քվեաթերթիկը, ինչպիսին պետք է իրականացվի դրանով քվեարկությունը և այլն: Բայց գիտեք, որ համապատասխան հոլովակը պատրաստվել է, ԿԸՀ կայքում կա, և առաջիկայում արդեն, երբ առաջադրումները կլինեն, վստահ եմ, որ կլինի ավելի մեծ իրազեկման բնույթի արշավ, ինչը լրիվ հնարավորություն կտա այդ ժամանակահատվածում ընտրողներին քաջատեղյակ լինել նոր քվեակարգի բոլոր հանգամանքներին»:
Ինչ վերաբերում է ռեյտինգային ցուցակներին, Մուկուչյանը ասաց, որ առաջին հերթին պետք է մոռանալ ռեյտինգային եզրույթը, քանի որ դա ռեյտինգային չէ, դրանք ընդամենը տարածքային ցուցակներ են:
«Հանրապետության տարածքը բաժանված է 13 ընտրական տարածքների, յուրաքանչյուր ընտրական տարածքում լինելու է համապատասխանաբար նաև կուսակցության տարածքային ցուցակ, այսինքն կուսակցությունն առաջադրելու է մեկ համապետական ցուցակ, որն էլ բաղկացած է երկու մասից, երկրորդ հատվածում ընդգրկվելու են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, և յուրաքանչուր տարածքի համար մեկ տարածքային ընտրական ցուցակ: Տարածքային ընտրական ցուցակում արդեն նշվելու են այն թեկնածուների անունները, որոնք թեկնածու են հանդիսանում տվյալ տարածքային ցուցակում:
Քանի որ յուրաքանչյուր կուսակցության համար տպագրվելու է առանձին քվեաթերթիկ, բնականաբար, ըստ էության տպագրվելու է 13 տեսակի քվեաթերթիկ, որի մի կողմում նշվելու է կուսակցության անվանումը, համարը, կուակցության համապետական ցուցակի թեկնածուների անունները, իսկ հակառակ կողմում տարածքային ցուցակում ընդգրկված թեկնածուների անունները:
Ընտրողն ընտրելով քվեաթերթիկը, ըստ էության, կատարում է քվեարկություն տվյալ քաղաքական ուժի օգտին, իսկ եթե նա ցանկանում է նաև տարածքային ցուցակի թեկնածուին ընտրել, ապա քվեաթերթիկի հակառակ կողմում կատարում է համապատասխանաբար միասնական նշում այն թեկնածուի անվան դիմաց, ում օգտին նա տվել է իր քվեն»,-մանրամասնեց ԿԸՀ նախագահը:
Ինչ վերաբերում է ձայների հաշվարկի մեխանիզմին, Մուկուչյանի խոսքով, մի քանի քայլ է իրականացվում՝ առաջին` որոշվում է այն կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքը, որոնք հաղթահարել են հինգ կամ յոթ տոկոսանոց շեմն, այնուհետև իրենց ստացած ձայներին, համամասնորեն որոշվում է նրանց ստացած մանդատների քանակը. «Մանդատների կեսը բաշխվում է համապետական ցուցակի թեկնածուների միջև, մյուս կեսը տարածքային ցուցակների միջև: Տարածքային ցուցակների պարագայում հիմք է ընդունվում նորից տվյալ տարածքում կուսակցության ստացած քվեները: Դրանցով որոշվում է, թե որքան մանդատ է ստանալու տվյալ կուսակցությունը, և երբ արդեն կսկսվի մանդատների բաշխումը, այդ ժամանակ արդեն հիմք են ընդունվում տվյալ տարածքում, տվյալ թեկնածուի ստացած ձայները»:
Նա հավելեց նաև, որ ընտրական օրենսգրքով արդեն ամրագրված են քվեակարգի նոր էլեմենտներ և ակնհայտ է, որ որոշակի առումով ծանրաբեռնվելու են տեղամասային ընտրական հանձանժողովները. «Բնականաբար, նրանք նախ հաշվելու են կուսակցությունների օգտին տրված ձայների քանակը, ապա տվյալ տարածքում տարածքային ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածուի օգտնին տրված ձայների քանակը, ծավալային առումով իհարկե տարբերվելու է նախկինում նրանց կատարած աշխատանքից»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան