Քաղաքացիները պահանջում են ազատ արձակել «Հաց բերող» Արթուր Սարգսյանին
Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել Հատուկ քննչական ծառայության դիմաց՝ պահանջելով ազատ արձակել երեկ կալանավորված «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանին, ով առավել հայտնի է «Հաց բերող» անունով:
Նշենք, որ երեկ դատարանը կրկին փոխել է Արթուր Սարգսյանի խափանման միջոցը և երկու ամսով կալանավորել: «Ազատության» հետ զրույցում նրա փաստաբան Տիգրան Եգորյանն ասել էր, որ ՀՔԾ-ն ձերբակալման հիմք է համարել այն, որ Սարգսյանը փետրվարի 3-ին չի ներկայացել քննչական մարմնին: Մինչդեռ, փաստաբանի խոսքով, նախապես քննիչին տեղյակ են պահել չներկայանալու մասին և խնդրել են փոխել հանդիպման օրը:
Ակցիայի մասնակից կանանցից մեկն ասաց, որ Արթուր Սարգսյանը հիվանդ է, ունի այնպիսի առողջական խնիդրներ, որ ընդհանրապես չէին կարող բերման ենթրակել, առավել ևս ձերբակալել:
«Ապօրինիություն է: Ինչո՞ւ են ապօրինի կալանավորել հիվանդ տղային»,- նշում էին կանայք:
Շենքի դիմաց հավաքված մարդիկ իրենց հետ հաց են բերել՝ ի նշան բողոքի: Նրանք փորձեցին հացը մտցնել ՀՔԾ շենք, սակայն նրանց թույլ չտվեցին: Դրանից հետո նրանք հացը սկսեցին բաժանել անցորդներին:
Հիշեցնենք՝ ըստ պաշտոնական հաղորդագրությունների, Արթուր Սարգսյանը ճեղքել էր ոստիկանական պատնեշը և սնունդ հասցրել ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված Սասնա ծռերի անդամներին։ Նա մեղադրվում է պատանդներ պահելուն և զենք-զինամթերք տեղափոխելուն ու պահելուն օժանդակելու մեջ: Արթուր Սարգսյանը ձերբակալվել էր հուլիսի 31-ից, դեկտեմբերի 31-ին կալանքից ազատվել էր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին