Ֆրանսիական բրենդը ճանապարհ կհարթի Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման համար
«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ ընդունելության ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի Փարիզի Գյուստավ Ռուսսի ինստիտուտը պատասխանատվություն ստանձնի Հայաստանում ուռուցքաբանական ծառայությունների բարելավման գործում և իր բրենդով ճանապարհ հարթի մեր երկրում բժշկական տուրիզմի զարգացման համար»,-այս մասին նշել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նախարարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում։
ԱՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Փարիզի Գյուստավ Ռուսսի ուռուցքաբանական ինստիտուտի ղեկավարության Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում նախարար Լևոն Ալթունյանը և գլխավոր տնօրեն Ալեքսանդր Էգերմոնտը ներկայացրեցին անցած երկու օրվա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հայ-ֆրանսիական այս համագործակցության նպատակը Հայաստանում քաղցկեղի վաղ հայտնաբերման և նորագույն տեխնոլոգիաներով ու մեթոդներով արդյունավետ բուժման ապահովումն է։
«Նախարարությունը հռչակել է ուռուցքաբանության ծառայությունները հասանելի, մատչելի և որակյալ դարձնելու ռազմավարություն։ Իմ խորին համոզմամբ Փարիզի Գյուստավ Ռուսսի ինստիտուտի հետ Հայաստանում ուռուցքաբանական ծառայությունների որակի բարելավմանը միտված համագործակցությունն արդյունավետ կլինի։ Գյուստավ Ռուսսի ինստիտուտը երկար տարիներ համագործակցում է Ուռուցքաբանության ազգային կենտոնի հետ` Փարիզում կազմակերպելով մեր մասնագետների վերապատրաստումները, անցկացնելով համատեղ գործնական վարժանքներ և գիտաժողովներ։ Այժմ գնում ենք համագործակցությունը շատ ավելի խորացնելու և մշտական դարձնելու ճանապարհով` նախատեսելով նոր կենտրոնի հիմնում»,-ամփոփելով ճեպազրույցը` ասել է Լևոն Ալթունյանը։