Դի Մարիան հույս ունի շրջանցել «Բարսելոնին» ու եզրափակչում խաղալ «Ռեալի» հետ
ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան արժանին է մատուցում «Բարսելոնին», սակայն կարծում է, որ ՊՍԺ-ն կարող է հաղթահարել կատալոնյան թիմի արգելքը։ Հիշեցնենք, որ այդ թիմերը հանդիպելու են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում։
«Բարսելոնը», իրոք, միշտ վտանգավոր է։ Մրցաշրջանի այս հատվածում նրա պատրաստականությունը մոտ է 100 տոկոսի, բայց, միևնույն է, որոշ խաղեր դժվարությամբ են տրվում։ Օրինակ՝ «Ռեալի» ու «Ատլետիկոյի» հետ հանդիպումները։ Մենք նույնպես բավարար չափով լավն ենք, որպեսզի խնդիրներ առաջադրենք նրան,- Դի Մարիայի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Մեսսիին կանգնեցնելը ծանր գործ է, սակայն եթե նվիրվենք 100 տոկոսով ու անենք այն, ինչ մարզիչն է ասում, դա միանգամայն լուծելի խնդիր կլինի։ Կարծում եմ՝ պետք է կենտրոնանալ սեփական աշխատանքի կատարման վրա։ Մենք գիտենք, որ պետք է պահենք գնդակը։ «Բարսելոնն» այնքան էլ լավը չէ, երբ զրկված է գնդակից»։
«Ռեալից» 2014 թ. հեռանալուց հետո լուրեր կային, որ արգենտինացին կարող է տեղափոխվել «Բարսելոն»։ Նրան հարցրել են նաև «Ռեալ» վերադառնալու հնարավորության մասին։
«Ես չեմ մտածում, որ կվերադառնամ Իսպանիա։ Սակայն կյանքում ամեն բան պատահում է։ Օրինակ՝ ես պատրաստվում էի կատարել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրով ստանձնած պարտավորությունները, սակայն մեկ մրցաշրջանից հետո հեռացա այնտեղից։ Այնպես որ, չեմ կարող ասել, թե ինչ կլինի վաղը»,- նշել է Դի Մարիան։
Չնայած այն բանին, որ «Ռեալը» ՊՍԺ-ից ուժեղ էր Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանի խմբային փուլում, Անխելը դեմ չէ՝ կրկին հանդիպելու իր նախկին թիմի հետ։
«Այո, հիանալի կլինի հանդիպել «Ռեալի» հետ։ Հույս ունեմ, որ կշրջանցենք «Բարսելոնին», և ես կկարողանամ երկրորդ անգամ «Ռեալի» դեմ խաղալ Չեմպիոնների լիգայում։ Կուզեի՞, որ դա եզրափակչում լիներ։ Իհարկե, գերազանց տարբերակ է, քանզի այն կնշանակեր, որ ՊՍԺ-ն մտել է եզրափակիչ»,- ասել է Անխելը։
ՊՍԺ-ն «Բարսելոնին» կհյուրընկալի փետրվարի 14-ին, իսկ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 8-ին։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ռեալը» կխաղա «Նապոլիի» հետ։