Արծվիկ Մինասյան. Նախատեսում ենք բնօգտագործման վճարներն ամբողջությամբ ուղղել շրջակա միջավայրի բարելավմանը
Մենք այժմ որդեգրել ենք շրջակա միջավայրի պահպանության ուղղվող ֆինանսական ռեսուրսների համախմբման և նպատակային ծրագրերի իրականացման քաղաքականություն: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով ոլորտի ներդրումային միջոցառումները:
Նախարարի խոսքով, այս պահին քննարկվում են բնօգտագործման և բնապահպանական վճարներն ամբողջությամբ շրջակա միջավայրի պահպանմանն ուղղելու վերաբերյալ ծրագրային առաջարկները:
«Պետական բյուջեում ամեն տարի ձևավորվում են շուրջ 70 մլն ամերիկյան դոլարի չափով բնապահպանական ու բնօգտագործման վճարներ, որոնցից, ցավոք, շատ քիչ մասն է ուղղվում շրջակա միջավայրի բարելավման ծրագրերին: Մեր խնդիրն է այդ միջոցներն ուղղել շրջակա միջավայրի պահպանմանը, ինչպես նաև համայնքներում ներդրումների իրականացմանը»,-ասաց Մինասյանը:
Նախարարի խոսքով, եթե իրենք այս հարցում հաջողության հասնեն, ապա միջազգային կազմակերպությունները պատրաստ են տրամադրել հավելյալ գումարներ՝ դրամաշնորհների տեսքով:
Քննարկվող երկրորդ կարևոր գործիքը, ինչպես նշեց գործադիր մարմնի ներկայացուցիչը, Համաշխարհային բանկի կողմից առաջարկվող և հաջողություններ գրանցած «Բնապահպանական ծրագիր՝ պարտքի դիմաց» գործիքն է:
«Երբ երկու երկրների միջև կա ձևավորված արտաքին պարտք, այնպիսի զարգացած երկրներ, ինչպիսիք են Ճապոնիան կամ Գերմանիան առաջարկում են զիջել պարտքի որոշակի մասը բնապահպանական ծրագրի իրականացման դիմաց»,-գործիքի էությունը ներկայացրեց նախարարը:
Նա նշեց, որ իրենք այս պահին բանակցություններ են վարում նաև երկրի ներսում, պատրաստ են ակտիվանալ այս ուղղությամբ:
Հաջորդ գործիքը մասնավոր ներդրումներն են: Նախարարությունում համոզված են՝ դրանք կարող են արդյունավետ կերպով ներգրավել բնապահպանության ոլորտում:
«Առաջին հերթին կոնկրետ ներդրումներ իրականացնելու միջոցով, որտեղ մասնավորը կարող է ակնկալել շահ, ռեգրացիոն, տնտեսական գոտիներում, պահպանվող տարածքների, ազգային պարկերի, բնության հուշարձանների մասով»,-ասաց նա:
Նախարարության ու ոլորտի մասնագետներն այս պահին հավաքագրել են գաղափարներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 420 մլն դոլար, որից այս պահին 185 մլն-ի ներդրումային հստակ ծրագրեր կան: Նախատեսվում է, 2017-ին իրականացնել 11.5 մլն-ի ներդրումներ:
«Ծրագրերից մեկը վերաբերում է քաղաքային տնտեսություններում էներգաարդյունավետության բարձրացմանը: Սրա արդյունքում մենք տարեկան կրճատելու ենք 580 տոննա CO2, 120 հազար դոլարով նվազեցվելու են շահագործման ծախսերը: Սրա ամենավառ օրինակը Իսակով փողոցի լուսավորությունն է, որը հնարավորություն տվեց շրջանառու միջոց ունենալ ու դրա հաշվին Մաշտոցի պողոտայում էլ իրականացնել լուսավորության աշխատանքներ»,-ներկայացրեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին